Ըստ Արցախի ԱԺ մամուլի ծառայության՝ Արցախի ոստիկանությունում նախատեսվում է կազմավորել ոստիկանության զորքեր: Արցախի ոստիկանական զորքերը կմասնակցեն հասարակական կարգի պահպանությանը եւ հասարակական անվտանգության ապահովմանը, ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, Արցախի պաշտպանությանը:
Արցախի ոստիկանական զորքերը կպահպանեն նաեւ հատուկ եւ կարեւորագույն օբյեկտները, կապահովեն հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունը։
«Ոստիկանության զորքերի», «Ոստիկանությունում ծառայության» եւ մի քանի այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագծերի փաթեթը դեկտեմբերի 13-ին քննարկել եւ հավանություն է տվել Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։
Առաջիկայում փոփոխությունների նախագծերի փաթեթը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
Օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը հայտնել է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պատերազմի հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակով:
Օրինագիծն արդեն արժանացել է ադրբեջանական կողմի բուռն արձագանքին. ադրբեջանական որոշ սոցիալական կայքերում Ալիեւից պահանջում են, ի պատասխան հայկական կողմի «անջատողական քայլերի», զորք մտցնել ԼՂ։