Երեսուն տարի առաջ ԽՍՀՄ-ը փլուզվեց։ Նախաձեռնությունը ո՛չ Մերձբալթիկայից էր, ո՛չ Անդրկովկասից, ո՛չ Միջին Ասիայից․ սլավոնական երեք հանրապետությունների առաջնորդներ Ելցինը, Կրավչուկը եւ Շուշկեւիչը հավաքվեցին Բելովեժյան թավուտում, կերան-խմեցին եւ հերթապահ մեքենագրուհուն թելադրեցին, որ տկտկացնի․ «ԽՍՀՄ-ը որպես աշխարհաքաղաքական իրողություն եւ միջազգային իրավունքի սուբյեկտ այլեւս գոյություն չունի»։
Երկիրն ուներ նախագահ, աշխարհահռչակ հատուկ ծառայություններ, ՆԳՆ, դատախազություն։ Ոչ մի արձագանք։ Երկիրն ուներ 22 միլիոն կոմունիստ, ոչ ոք հաջորդ օրը փողոց դուրս չեկավ։ ԽՍՀՄ-ի մահն արձանագրող Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելոռուսիայի իշխանության բարձրագույն մարմնի՝ Գերագույն խորհրդի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը կոմունիստ էր, ոչ ոք Ելցինի, Կրավչուկի, Շուշկեւիչի հրաժարականի հարց չբարձրացրեց։ Կար ԽՍՀՄ, մեռավ։ Գրամեքենայի վրա տկտկացրած մի նախադասությամբ, որը հենց Բելովեժյան թավուտից Ելցինը կարդաց ԱՄՆ նախագահ Բուշին (ավագին)։
Նույն վայրկյանին ԽՍՀՄ ՊԱԿ-ը Ելցին-Բուշ հեռախոսազրույցը գաղտնալսել, երկրի նախագահ Գորբաչովին զեկուցել է՝ դրանում կասկածել պետք չէ։ Ոչ մի քայլ, ոչ մի հետեւանք։ 30 տարի անց Ռուսաստանում ում ասես ԽՍՀՄ կազմաքանդման համար մեղադրում են եւ ատում՝ սկսած նախագահ Պուտինից, վերջացրած «Աղդամ» պորտվեյնի խումհարի կարոտախտով տառապող հարբեցողով։ Մեղադրում են նրանք, որ պարտավոր էին գործի դնել իշխանության իրենց լծակները եւ կանխել աղետը։ Մեղադրում են նախկին բարձրաստիճան չեկիստները, որ կարող էին հինգ րոպեում կալանավորել Ելցինին կամ օդ բարձրացնել նրա ծառայողական լիմուզինը։
Մեղադրում են գեներալները, որոնց հրամանին ենթակա էին էլիտար զորամասեր, զրահատանկային դիվիզիաներ, եւ Մոսկվան «աքցանելը» մեկ-երկու ժամվա խնդիր կլիներ նրանց համար։ Ոչ ոք ոչինչ չի ձեռնարկել՝ քաջ գիտակցելով, որ չի ունենա ամենակարեւորը՝ ժողովրդի աջակցությունը։ Գորբաչովից մինչեւ վերջին կոլխոզային օղակավար գիտեր, որ «կավե ոտքերով հսկան» 250 միլիոն մարդու հոգնեցրել է, բոլորը զզված են ստից, կեղծիքից, խաբեությունից եւ երազում են ազատություն։
Հեղափոխության էյֆորիայի պահին ոչ ոք վաղվա տագնապ չի ունենում։ Եթե այդպես չլիներ, ֆրանսիացիները չէին գրոհի Բաստիլը, նույն Ռուսաստանում «խուժան» բոլշեւիկները չէին տիրանա Ձմեռային պալատին եւ չէին հռչակի «սովնարկոմ»։
Բայց 2018-ի ապրիլին Հայաստանում վերջին տնային տնտեսուհին էլ գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից Երեւան է գալիս, որ վերցնի իշխանությունը։ Եվ ի՞նչ։ Ի՞նչ արեց բարձրագույն ղեկավարությունը, ի՞նչ հակաքայլ ձեռնարկեցին հատուկ ծառայությունները, ոստիկանությունը, դատախազությունը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ն ստացել էր 800 հազար քվե, որտե՞ղ էին այդ մարդիկ 2018-ի ապրիլի 23-ին։ Եթե հրապարակներում եւ փողոցներում, ապա Փաշինյանի կողքին։
Ռուսաստանում ասում են՝ ԽՍՀՄ-ը ԿՀՎ-ն է քանդել իր ներդրած գործակալների միջոցով։ Փաշինյանին անվանում են «սորոսական»։ Բայց մի՞թե ԿՀՎ-ն հավաքագրել էր խորհրդային երկրի բոլոր ղեկավարներին, ՊԱԿ-ին, ԳՇ Հետախուզության գլխավոր վարչությանը, ՆԳՆ-ին, դատախազությանը։ Կամ էլ Հայաստանի ամբողջ պետական համակարգը, իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները, բանակը՝ գեներալիտետով հանդերձ, Սորոսից կաշառվա՞ծ էին։
Ինչո՞ւ ճշմարտությունը չխոստովանել՝ Հայաստանում հարյուրհազարավոր մարդիկ հոգնած էին իշխող համակարգից, զզված, նորություն էին տենչում։ Եվ ոչ ոք վաղվա տագնապ չուներ, չէր պատկերացնում, թե ինչ է սպասում իրեն երկու-երեք տարի հետո։
Իսկ ով պատկերացնում էր կամ թվում էր, թե պատկերացնում է, գերադասեց լռել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ եթե խոսեր, կհռչակվեր «ժողովրդի թշնամի»։ Նրան չէին լսի՝ լավագույն դեպքում։ Իսկ եթե համառեր, «խաչ կհանեին»։ Այդպես է․ երբ փոփոխություններ չեն արվում, հեղափոխությունը ե՛ւ պահանջված է, ե՛ւ արդարացված։
ԽՍՀՄ փլուզումն, անկասկած, գլոբալ աղետ էր։ 2018-ի հայկական «ռենեսանսը» բերեց ազգային աղետի։ Կամավո՞ր է իշխանությունից հեռացել Ելցինը։ Համոզված եմ՝ ոչ։ Պարտադրել է զինվորականությո՞ւնը, Անվտանգության դաշնային ծառայությո՞ւնը։ Չեմ կարծում։
Ելցինն, ամենայն հավանականությամբ, պաշտոնաթողության գնալու, իշխանությունը Պուտինին հանձնելու որոշում ընդունել է անձամբ՝ քաղաքական-մտավորական-գիտական էլիտայի ներկայացուցիչների, բարձրաստիճան զինվորականության եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ տեւական խորհրդատվություններ ունենալուց հետո։ Եթե Սերժ Սարգսյանի շրջապատում նույնքան համարձակ մարդիկ լինեին, ապա նրան հեռու կպահեին վարչապետի պաշտոնը ստանձնելու քայլից։
Եթե Նիկոլ Փաշինյանի թիմում կան մարդիկ, որ կարող են բաց տեքստով ասել, որ նրա պաշտոնավարման ամեն օրը Հայաստանի մարտահրավերներին նորերն է ավելացնում, ապա պարտավոր են դա անել։ Հայաստանը գեներալ Ֆրանկո, Ֆիդել Կաստրո կամ Սադամ Հուսեյն ունենալու երկիր չէ։ Մանավանդ որ Փաշինյանը ոչ մի առումով այդ մակարդակին չի ձգում, չի կարող «ժողովրդի հայր» լինել։ Իսկ հեղափոխության առաջնորդը կա՛մ բռնապետ է դառնում, կա՛մ «կանգնում գնդակահարության պատի տակ»։
Պատմական օրինակների դիմելու հարկ, կարծում եմ, չկա։ Կվերականգնվի՞ ԽՍՀՄ-ը, թե՞ ոչ՝ մեր տրամաչափի թեմա եւ խնդիր չէ։ Մենք մի առաջնահերթություն ունենք՝ պահել Հայաստանը։ Այդ լուծումը Փաշինյանի, նրա թիմի եւ հեղափոխությամբ ռեինկարնացիայի ենթարկված քաղաքական դերակատարների ուժերից վեր է։ Կամ նրանց իրական նպատակից դուրս։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։