Վարդան Օսկանյանը հոդված է հրապարակել, որտեղ խիստ իրատեսական է համարում ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Հայաստանը բանակցություններում ոչինչ չպետք է բացառի։ Այսինքն՝ կարող է, օրինակ, չբացառել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը առանց ինքնավարության որեւէ նշույլի։ Կարող է չբացառել Արցախի՝ Հայաստանին միանալը, կարող է չբացառել Արցախի անկախությունը։ Ու այս ամենը՝ Մինսկի խմբում տարվող բանակցությունների շրջանակներում։
Օսկանյանն ասում է, որ ժամանակին ինքը հենց այդ տրամաբանությամբ է «Քի Վեսթում հասել Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միացմանը՝ Ադրբեջանի համար ընդամենը Արաքսի ափով Նախիջեւանի հետ կապվելու էստակադային ճանապարհի դիմաց»։ Եվ նույն մեթոդաբանությամբ հնարավոր է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքի ամրագրումը բանակցային փաստաթղթում։
Արդյունքում պատերազմից առաջ ո՛չ մեկն ունեինք, ո՛չ էլ մյուսը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ո՞վ ասաց, որ բանակցություններում այսպիսի հարցեր են լուծվել։ Բանակցություններում ընդամենը չեն հասկացել, թե ինչ է քողարկում Ադրբեջանը այդպիսի առաջարկների հետ համաձայնելով։ Այսինքն՝ բանակցելով նախկինները միայն Ադրբեջանին ժամանակ են տվել պատրաստվելու 2020-ի սեպտեմբերի 26-ին։ Սա է եղել բանակցությունը։
Հայաստանի դիվանագիտությունը ոչինչ չի արել ժամանակ տալուց բացի։ Հիմա պարոն Օսկանյանն, ըստ էության, խոսում է ժամանակ շահելու մասին։ Բայց ո՞վ է ասում, որ Ադրբեջանը դա չի հասկանում։ Ո՞վ է ասում, որ Ռուսաստանը դա չի հասկանում, Թուրքիան դա չի հասկանում։
Իսկ ինչո՞ւ պարոն Օսկանյանը չի խոսում այն մասին, որ սեպտեմբերի 27-ը կարելի էր կանխել ոչ այնքան անպտուղ «չեմ բացառում»-ով, որքան դեռ իրենց օրոք համաձայնելով կա՛մ ռուս խաղաղապահների հրատապ տեղակայմանը, կա՛մ առանց ադրբեջանցիների համաձայնության մեր զորքերը որպես բարի կամքի արտահայտություն 5 գրավյալ շրջաններից հանելուն։
Քի Վեսթում մենք բացարձակապես զիջումների տրամադրված չենք եղել, Հայաստանի եւ Արցախի հանրությանը վերջին 20 տարում ոչ մեկը չի նախապատրաստել զիջումների։ Դիվանագիտությունը համոզիչ է ուժեղ բանակով։ Ահա թե ինչ պետք է անի Փաշինյանը բանակցությունների գնալով։ Բայց Ադրբեջանը նրան ժամանակ չի տալիս։
Հայաստանի հիմնական խնդիրը եղել եւ մնում է realpolitik-ի ու սեփական ճշմարտությունների միջեւ ընկած անդունդը։ Realpolitik-ը թույլ է տալիս բանակցությունները սկսել սեփական կետից, բայց տարածաշրջանն զգալով, անխուսափելի պատերազմը տեսնելով, Ռուսաստանի ու Թուրքիայի ընդհանուր շահերը կարդալով։ Ո՛չ Օսկանյանի օրոք են դա կարդացել, ո՛չ էլ Փաշինյանի։
Կարդալ չիմացողների այս անփոփոխ իշխանությունների գոյության դաշտում հնարավո՞ր է փրկել եղած Արցախը։ Չեմ բացառում։ Որովհետեւ ես չգիտեմ, թե realpolitik-ի փոխարեն ուրիշ ինչ կա կարդալու։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: