Արտերկրից եկող մասնավոր տրանսֆերտներն այս տարի ավելացել են։ Հունվար-հոկտեմբերի կտրվածքով դրանք կազմել են 1 մլրդ 722 մլն դոլար։ Անցած տարի նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացել է 1 մլրդ 490 մլն դոլարի, իսկ 2019-ին՝ 1 մլրդ 588 մլն դոլարի տրանսֆերտ։ 2019-2020 թվականներին ստացվել է համապատասխանաբար 1 մլրդ 958 մլն եւ 1 մլրդ 841 մլն դոլար։
Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեվերջի երկու ամիսներին արտերկրից փոխանցված մասնավոր գումարների չափը գերազանցել է 300 մլն դոլարը։ Եվ եթե այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին փոխանցումների քանակն առնվազն այդքան լինի, ապա 2021 թվականը վերջին 7 տարիների ընթացքում կհամարվի աննախադեպ այն առումով, որ մասնավոր տրանսֆերտները կգերազանցի 2 մլրդ դոլարի շեմը։
Վերջին անգամ նման բան գրանցվել է 2014 թվականին՝ 2 մլրդ 123 միլիոն դոլար։ Դրան հաջորդող մի քանի տարիներին այդ գումարը կտրուկ՝ 500-600 միլիոն դոլարով, պակասել է։ Եվ մեծ է հավանականությունը, որ այս տարի մասնավոր տրանսֆերտները կլինեն առնվազն 2014-ին ստացված գումարի չափ։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը տրանսֆերտների ավելացումը պայմանավորում է արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքով։ Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանները փակվեցին, արտագնա աշխատանքի մեկնելը խիստ դժվարացավ, եւ դա Հայաստան գումարների հոսքի կրճատման պատճառ դարձավ։ Իսկ այս տարի արդեն մեր տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի, և դրսից եկող գումարները ավելացել են ու դեռ կավելանան։
Պարսյանը հավելում է, որ անցած տարի, երբ այդ մարդիկ ստիպված էին մնալ հայրենիքում եւ աշխատանք չունեին, ապրելու համար պարտքեր էին անում։ Իսկ այս տարի աշխատած գումարներն ուղարկել են նաեւ պարտքերը փակելու համար։
«Բացի այդ՝ այս տարի կտրուկ ավելացել է գրին քարտի դիմողների, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացիություն ստացողների քանակը։ Հունվար-հոկտեմբերին Հայաստանի 34 հազար քաղաքացի է ՌԴ-ում քաղաքացիություն ստացել այն դեպքում, երբ 2019-ին այդ թիվը կրկնակի քիչ էր՝ 17 հազար։ Գրին քարտին դիմողների թիվն էլ 50 հազարն անցել է, իմ ծանոթներից ամեն երրորդը դիմել է։ Մեծացել է նաեւ ապօրինի ԱՄՆ գնացողների թիվը, Մեքսիկայի միջոցով են ապօրինի սահմանն անցնում եւ հանձնվում»,- ասում է Պարսյանը։
Արտագնա աշխատանքի մեկնողների նման օրինական կամ ապօրինի ճանապարհով արտագաղթողներն էլ գումարներ են ուղարկում իրենց պարտքերը մարելու համար։ Բացի այդ՝ ճգնաժամը Հայաստանում շարունակվում է նաեւ այս տարի. չկա ակնկալած տնտեսական աճը, չեն բարձրանում աշխատավարձերն ու թոշակները, փոխարենը կա մեծ՝ 7,1 տոկոս գնաճ։ Իսկ սննդամթերքի դեպքում գնաճը գերազանցում է անգամ 10 տոկոսը։
Այս պայմաններում, Պարսյանը նշում է, անգամ աշխատանք ունեցողները չեն կարողանում իրենց աշխատավարձով ապրել եւ արտերկրում գտնվող հարազատներից գումար են խնդրում․ «Ակնհայտ է, որ կա սոցիալական խնդրի սրացում։ Մարդկանց կենսամակարդակը նվազել է, եւ դա ինչ-որ չափով փոխհատուցում են հարազատները։ Դա նպաստել է, որ այս տարի մասնավոր տրանսֆերտներն ավելանան։ Բայց մյուս կողմից այդ տրանսֆերտները, գալով Հայաստան, չեն վերածվում ներդրումների։ Ինչպես գալիս են, այդպես էլ գնում են, քանի որ մարդիկ ստացած գումարները ծախսում են հիմնականում գնումների վրա, իսկ գնվող ապրանքների մեծ մասը ներկրվում է, դրա համար եկած գումարը դուրս է գնում»։
Հայաստան տրանսֆերտների գերակշիռ մասը գալիս է Ռուսաստանից, քանի որ մեր հայրենակիցները հենց այդ երկիր են գնում արտագնա աշխատանքի եւ ստացածը տարվա ընթացքում ուղարկում են Հայաստան՝ իրենց ընտանիքներին։ Բայց վերջին շրջանում նկատվում է հետաքրքիր երեւույթ. կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից եկող տրանսֆերտների չափը. 2021-ի հունվար-հոկտեմբերին այն կազմել է 469 մլն դոլար։
Մեկ այլ տնտեսագետ՝ Հայկազ Ֆանյանն ասում է՝ կոնկրետ այս տարվա մասնավոր փոխանցումներում ԱՄՆ-ի բաժնի մեծացման հիմնական պատճառը համավարակի հարվածից հետո այդ երկրի տնտեսության արագ վերականգնվելն է, ինչը նպաստել է, որ մեր հայրենակիցներն ավելացնեն ուղարկվող գումարները։ «Պատճառներից մեկն այն է, որ անցած տարի կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ կառավարությունը դրամական աջակցություն է ցուցաբերել տեղի բնակչությանը, այդ թվում՝ ծագումով հայ բնակչությանը, որոնք էլ ստացած գումարների մի մասը փոխանցել են Հայաստան։ Նրանք մի պահ չէին օգտագործում այդ գումարները, որովհետեւ անորոշություն կար, թե ինչ է լինելու, բայց հետո սկսեցին դրանք օգտագործել, իսկ խնայածի մի մասն էլ ուղարկեցին Հայաստան՝ իրենց հարազատներին»,- ասում է Ֆանյանը։
Ընդհանրապես ԱՄՆ-ից տրանսֆերտների կտրուկ աճը նկատելի էր դեռ 2018-ից, երբ այն երկրորդ անգամ հատեց 200 մլն դոլարի շեմը՝ մոտ 224 մլն դոլար։ 2019-ին արդեն՝ 280 մլն դոլար, իսկ անցած տարի կտրուկ ավելացավ եւ հասավ 458 մլն դոլարի։ Այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերի տվյալները դեռ չկան, բայց դատելով վերջին ամիսների տեմպերից՝ կարելի է ակնկալել, որ նոյեմբեր-դեկտեմբերին այդ երկրից եկող տրանսֆերտները կգերազանցեն 100 մլն դոլարի սահմանը։ Արդյունքում ԱՄՆ-ից ստացվող տրանսֆերտների թիվը ռեկորդային չափով մեծ կլինի՝ ոչ միայն կհատի 500 միլիոնի շեմը, այլեւ կհասնի 600 մլն դոլարի։ Սա թեեւ եռակի քիչ է ՌԴ-ից եկող գումարների համեմատ, բայց հետաքրքիր փոփոխություն է արտերկրից հոսող մասնավոր տրանսֆերտների կառուցվածքում։
Կենտրոնական բանկում մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ վիճակագրությունը ներկայացված է 2004 թվականից։ Հայաստանն ամենաքիչ գումարը ստացել է հենց այդ տարի՝ 760 մլն դոլար։ Իսկ մասնավոր տրանսֆերտների վիճակագրության ամենամեծ գումարը ստացվել է 2013-ին՝ 2 մլրդ 302 մլն դոլար։ Սա պաշտոնական տվյալ է, բայց կարծիք կա, որ մարդիկ, այդ թվում նաեւ արտագնա աշխատանքի մեկնողներն ամեն տարի դրսից գումար բերում են նաեւ շրջանցելով բանկային համակարգը՝ գրպանում դրած։ Այդ գումարն արդեն ԿԲ վիճակագրության մեջ չի արտացոլվում։
Այնուամենայնիվ, 2004-2021 թվականներն ընկած ժամանակահատվածում մասնավոր տրանսֆերտներն ընդամենը 4 տարի են գերազանցել 2 մլրդ դոլարը՝ 2008-ին, 2012-ին, 2013-ին եւ 2014 -ին։ Առանց քաղաքականացնելու նշենք, որ 4-ն էլ եղել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ։ Ընդ որում նրա նախագահության առաջին տարում՝ 2008-ին, տրանսֆերտները 525 մլն դոլարով գերազանցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ստացված ամենամեծ ցուցանիշը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։