ԱՀԿ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջիկա շաբաթներին սպասում է կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքից հոսպիտալացումների եւ մահվան դեպքերի թվի աճ:
ԱՀԿ-ում նշել են, որ շատ պետություններ պարզապես հիվանդների հետազոտությունների մեջ «Օմիկրոն» հայտնաբերելու հնարավորություն չունեն, հետեւաբար «Օմիկրոնով» պայմանավորված մահվան մասին տեղեկությունները դժվար է հստակ ներկայացնել։
Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նշում են, որ «Օմիկրոնի» ամբողջական կլինիկական պատկերը հավաքելու համար գիտնականներին ավելի շատ տեղեկություն է անհրաժեշտ։
«Օմիկրոնի» առաջին զոհը
Այս ենթատեսակով վարակման հետեւանքով արդեն մահ է գրանցվել Մեծ Բրիտանիայում։ Ըստ գերմանական «Deutsche Welle»-ի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի 13-ին հայտնել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքով՝ «Օմիկրոնով» պայմանավորված մահվան դեպք:
«Ցավոք, «Օմիկրոնն» իր ազդեցությունն է թողնում հոսպիտալացումների վրա: Ցավոք, նաեւ հաստատվել է այն, որ մահացել է կորոնավիրուսով վարակված մեկ անձ, որի մոտ հաստատվել էր «Օմիկրոն» մանրէահիմքը»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ «Օմիկրոն» մանրէահիմքով պայմանավորված աշխարհում առաջին մահվան դեպքի մասին հայտնում է Մեծ Բրիտանիան:
Կորոնավիրուսի նոր մանրէահիմքն արդեն հայտնաբերվել է աշխարհի 60-ից ավելի երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել եւ նշել, որ տարածվածության ռիսկը բավական բարձր է:
Նոր մանրէահիմքի անակնկալներն առջեւում են
Ավելի վաղ, ըստ շվեդական Dagens Nyheter պարբերականի, կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով Դանիայում վարակված անձանց 75 տոկոսը վիրուսի դեմ լիարժեք պատվաստված անձինք են: Իսկ ոմանք վարակվել են, թեեւ անգամ ստացել են պատվաստանյութի բուստերային՝ խթանիչ չափաքանակ: