Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ կլիմայի փոփոխությանը վերաբերող բանաձեւի նախագծի վրա։ Բանաձեւով կլիմայի փոփոխությունը կապվում է միջազգային անվտանգության խնդիրների հետ:
Իռլանդիայի եւ Նիգերի Հանրապետության առաջարկած նախագծին աջակցել են խորհրդի 15 անդամներից 12-ը: Ռուսաստանն ու Հնդկաստանը դեմ են քվեարկել, Չինաստանը՝ ձեռնպահ։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, մեկնաբանելով Ռուսաստանի որոշումը, նշել է, թե միջազգային հանրությունը խորապես բաժանված է կլիմայական խնդիրների հարցում։
Նա ընդգծել է, թե համաշխարհային հանրությանը կլիմայի ակտիվիստների դիրքորոշումը պարտադրելու փորձ է արվում, ինչն իրականում կհանգեցնի խոր պառակտման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի հետընթացի։
Բանաձեւի նախագծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արվում կլիմային առնչվող անվտանգության ռիսկերը որպես կարեւոր տարր ներառելու ՄԱԿ-ի հակամարտությունների կանխարգելման ընդհանուր ռազմավարություններում: