Ըստ CNN Turk-գործակալության՝ Թուրքիայի իշխանությունը 102 քաղաքացու ձերբակալման հրամանագիր է տվել: Նրանց կասկածում են FETO-ի՝ ընդդիմադիր քարոզիչ, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» գործունեությանը մեղսակից լինելու մեջ։
Կասկածյալների թվում 64 նախկին պետծառայողներ ու մասնավոր հատվածի 38 աշխատակիցներ են: Նրանց կասկածում են Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության ներսում FETO կառույցների գործունեության հետ կապ ունենալու մեջ։
Ուժայինների շուրջկալները միաժամանակ սկսվել են դեկտեմբերի 14-ին երկրի 43 շրջաններում: Գործողությունը ղեկավարում է Անկարայի անվտանգության վարչությունը։
Թուրքիայի իշխանությունը Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մեղադրում է 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու համար։ Ինքը՝ Գյուլենը, դատապարտել է հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։
Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: