ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել։
Ըստ նախարարության ներկայացրած թվերի` 1595 հոսպիտալացված քաղաքացիների 95 տոկոսից ավելին պատվաստված չէ ՔՈՎԻԴ-19-ի դեմ։ 7266 դրական թեստավորվածների 94,6%-ը պատվաստված չէ։ 1595 հոսպիտալացվածների 95,3%-ը պատվաստված չէ։ 182 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 94%-ը պատվաստված չէ։
Հայաստանում ներկայում կատարվել է 1452374 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 869750, երկրորդ դեղաչափ` 582624։
Հանրապետությունում պատվաստումային ցուցանիշը գոհացնող չէ, մինչդեռ վիրուսը շարունակում է մուտացվել։ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել է, որ նախարարությունը քննարկում է չպատվաստված ու կորոնավիրուսով վարակված հիվանդների համար ստացիոնար բուժումը փետրվարի 1-ից վճարովի դարձնելու հարցը:
Չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու մասին քննարկումները սկսվել են դեռեւս հոկտեմբերից։
Հռիփսիմե Խաչատրյանը բոլորին հորդորել է պատվաստվել: Նա ընդգծել է, որ Հայաստանն այն բացառիկ պետություններից է, որ պատվաստանյութի ընտրության հնարավորություն է ընձեռում, առավել եւս, որ Հայաստանում պատվաստումն անվճար է։
Հայաստանում հասանելի են «ԱստրաԶենեկա», «Սինոֆարմ», «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «Սպուտնիկ-Վի», «Մոդերնա» պատվաստանյութերը: Շուտով հասանելի կլինի նաեւ Pfizer-ի 40000 դեղաչափ, որը կնվիրի Պորտուգալիան։
Հայաստանում պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կենտրոններում: Կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: