ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 14-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին կոնկրետ օրինակներով ու փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները:
Թաթոյանը պատմել է, որ նախորդ տարվա նոյեմբերից սկսած ադրբեջանական զինծառայողները նոր պատերազմի սպառնալիքի ներքո՝ առանց որեւէ հիմքի Գեղարքունիքում եւ Սյունիքում հայտնվել են գյուղերի հարեւանությամբ եւ Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին:
Բացի նրանից, որ գրեթե ամեն օր տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, ադրբեջանական զինծառայողներն անօրինական արգելափակել են Սյունիքում Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհները: Արդյունքում ճանապարհներին հարակից գյուղերը հայտնվել են մեկուսացման եւ մարդասիրական խնդիրների առաջ:
Շեշտել է անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտությունը
«Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չեն մարդկանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները»,–շեշտել է Պաշտպանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ադրբեջանական զինծառայողները պետք է հեռանան հայկական գյուղերի մոտից ու ճանապարհներից, շեշտել անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտությունը:
ՄԻՊ-ը նշել է, որ այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, հայրենիք վերադարձի հարցերին:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ դատական համակարգում առկա խնդիրները: Արման Թաթոյանը շեշտել է, որ որոշ դատավորներ իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությանը: Չնայած սրան՝ խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։
Կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերը եւս դարձել են հանդիպման մանրամասն քննարկման առարկա։