«Ռուսաստանը թուլանում է», «Պուտինյան ռեժիմը ճաքեր է տալիս», «Եթե Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, ապա անհրաժեշտ է նոր դաշնակիցներ եւ գործընկերներ գտնել», «Արեւմուտքը մեզ իր օգնությունն է առաջարկում»։ Շարքն իհարկե կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավարար է հայ քաղաքական մտքի վերջին ամիսների փնտրտուքի մասին պատկերացում կազմելու համար։
Հետաքրքիր զուգադիպությամբ նույն շրջանակները մոտ մեկուկես տարի առաջ բացառում էին Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումը, մոռացել էին Թուրքիայի գոյության մասին եւ համոզված էին, որ status quo-ն դեռ երկար ժամանակ կարելի է պահպանել, իսկ «քաղաքակիրթ» աշխարհն էլ կկանգնեցնի բռնապետ Ալիեւին՝ օգնության ձեռք մեկնելով «ժողովրդավարության» կղզյակ Հայաստանին։
Այս ամենի հետ զուգընթաց փորձ է արվում Ռուսաստանին մեղավոր կարգել եւ նրանից թշնամու կերպար կերտել, իբրեւ թե ռուսները դավաճանել են հայ ժողովրդին՝ ոտնահարելով Հայաստանի կենսական շահերը։
Վերոհիշյալ թեզերի հեղինակներն ու ջատագովները դասակարգման կարիք ունեն, այսինքն՝ նրանց ինչ-որ պայմանական անուն է պետք։ Կարծում եմ՝ «Կրոն ինքնիշխանության»-ը լավագույն տարբերակն է։ Հոսանքն այս իսկապես քաղաքական կրոն է, որին մարդիկ լրջորեն հավատում են, մասնավորապես՝ իշխանության ներկայացուցիչների մի զգալի մասը, ՀԿ-ական շրջանակները, առաջադեմ երիտասարդությունը, վաստակավոր ռուսատյացներն ու աշխարհաքաղաքականության թոշակառու փորձագետները։
Իհարկե տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու է քաղաքական այդ հոսանքը դիտարկվում որպես կրոն, չէ՞ որ ինքնիշխանությունը անկախ պետության կարեւորագույն ատրիբուտն է։ Պատասխանը միանշանակ է․ դրա հիմքում հավատքն է, այլ ոչ թե էմպիրիկ տվյալների վրա խարսխված քաղաքականությունը։
Այսինքն՝ մարդիկ մերժում են իրենց շուրջը գոյություն ունեցող օբյեկտիվ իրականությունը՝ ինքնիշխանությունը դիտարկելով որպես բացարձակ եւ անսակարկելի արժեք։ Ավելին՝ նրանք հավատում են, որ բազմաբեւեռ աշխարհի մասին խոսակցությունները հատկապես Հայաստանի մասին են, եւ իրենք կարող են բացառիկ ճկունություն դրսեւորել եւ մանեւրել մեծ տերությունների մրցակցությունից անդին գոյացած չեզոք տարածությունում։
Հավատալուց բացի՝ նաեւ երազում են «Արեւմտյան խաչակրաց» բանակի մասին, որը կգա եւ կփրկի հայ ժողովրդին «ռուս-թուրքական» կոալիցիայի կապանքներից։
ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը մի առիթով ասել է․ «Берите столько суверенитета, сколько сможете проглотить»։ Սա թերեւս աքսիոմատիկ ճշմարտություն է, որը հստակ ցույց է տալիս, որ ինքնիշխանությունը որեւէ պարագայում չի կարող բացարձակ լինել, ավելին՝ այն պետք է համապատասխանի քո ռեսուրսներին եւ հնարավորություններին՝ դրսեւորվելով այնքան, որքան թույլ են տալիս տնտեսությունն ու ռազմական պոտենցիալը։
Հենց այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում ինքնիշխան «կրոնականները»՝ ընկնելով պատրանքների գիրկը։ Երազելը վատ բան չէ, բայց, ցավոք, քաղաքական տեսությունների որոնումներում հայաստանցիները զրկված են երազելու շռայլությունից։ Միգուցե սա դաժան ու ողբերգական միտք է, բայց Հայաստանի պես փոքրիկ եւ սահմանափակ ռեսուրսներով պետությունների պարագայում հակացուցված է երեւակայությանը «զոռ» տալը, քանի որ նույնիսկ աննշան անզգույշ քայլը կարող է կործանարար լինել։
Հայաստանը դասվում է կառավարիչների սխալները չներող պետությունների շարքին, քանի որ ամեն մի սխալը կարող է լինել վերջինը։ Իսկ դրսում առկախված է միլիոնավոր մարդկանց անվտանգության հարցը. պարզ մի իրողություն, որը հետեւողականորեն անտեսվում է։ Նրանց համար առաջնայինը ձեւն է, բայց ոչ երբեք արդյունքը։ Կարեւորը ժողովրդավարության ծիսակարգային եւ աննշան համաժողովներն են, իսկ Խնձորեսկ գյուղի անվտանգությունն ընդհանրապես կապ չունի ինքնիշխանության հետ։
2019-2020 թվականներին Հայաստանը հենց այդպիսի ճակատագրական սխալ գործեց՝ արգելակելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը ենթադրում էր Ռուսաստանի ներկայացվածության ապահովում Ադրբեջանում։ Բայց ինչ-որ հետեւություններ անելու փոխարեն ինքնիշխան «կրոնականները» սկսել են կանխատեսել Ռուսաստանի թուլացումը՝ հավատալով դրա մոտալուտ կործանման հեռանկարին։ Ռուսաստանն իսկապես բավականին ծանր իրավիճակում է, բայց արդյո՞ք լուրջ քաղաքական գործիչը կարող է իր հաշվարկներն ու գործունեությունը պայմանավորել հենց այդ հանգամանքով։
Հիշեցնեմ, որ ԽՍՀՄ-ն իր գոյության ամբողջ ընթացքում ծանր վիճակում է եղել՝ քաղաքացիական պատերազմից մինչեւ լճացում եւ գորբաչովյան վերակառուցում։ Նույնը կարելի է ասել նաեւ Ռուսական կայսրության մասին, որն իր կիսաֆեոդալական էկոնոմիկայով եւ ճորտատիրությամբ հազիվ քարշ էր գալիս միջազգային հարաբերություններում։ Եվ ինչ, հիմա էլ պետք է սպասե՞նք Դաշնության կազմաքանդմանը։ Քանի՞ տարի պետք է սպասենք, յոթանասո՞ւն։ Իսկ ինչո՞ւ եք այդքան վստահ, որ մենք անպայման տեսնելու ենք ՌԴ-ի կործանումը, բա որ Հայաստանը չհասցնի եւ ավելի շուտ ոչնչանա։ Դե առանձնահատուկ ռազմահայրենասերները վստահաբար թքած ունեն, նրանք Փարիզից եւ Նյու Յորքից կհետեւեն իրադարձություններին, եւ սիրտները մի լավ կհովանա։
Ընդհանրապես որքան էլ տարօրինակ հնչի, Ռուսաստանի մասին մեր պատկերացումները բավականին աղոտ են։ Թվում է, թե մենք բոլորից լավ պետք է ճանաչեինք այդ կայսրությանը, բայց արի ու տես, որ երեք հարյուր տարիների փորձառությունը մեզ ոչինչ չի տվել։ Չհաշված իհարկե տարասեռ եւ բազմազան միֆերը, որտեղ մի դեպքում Ռուսաստանը փրկիչ է, մյուս կողմից էլ՝ հակահայ եւ դավաճան։ Փրկչից եւ դավաճանից անդին պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք չընդհատվող եւ զորեղ ավանդույթներով պետականության հետ։ Իր հարուստ եւ տպավորիչ պատմական ընթացքում այն լուրջ քաղաքական եւ դիվանագիտական փորձառություն է կուտակել։ Այս իմաստով արդի Ռուսաստանը Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության համաձուլվածքն է՝ իր մեջ միավորելով այս երկուսի թույլ եւ ուժեղ կողմերը։
Սրանից զատ Ռուսաստանը նաեւ ողբերգական պետություն է։ Համաշխարհային տերության կարգավիճակից անցումը դեպի տարածաշրջանային տերություն չափազանց բարդ գործընթաց է։ Հիմնական դժվարությունն այն է, որ կայսրության բացակայությունն ամենեւին էլ չի ենթադրում կայսերական գիտակցության անհետացում, ինչը հանգեցնում է ռեւանշիստական տրամադրությունների սաղմնավորման։ Այս իմաստով Ռուսաստանը ռեւանշի ձգտող եւ աստիճանաբար վեր բարձրացող զորեղ ուժ է, ինչը նրան շատ ավելի վտանգավոր է դարձնում, քան ԽՍՀՄ-ն ու Ռուսական կայսրությունն էին ժամանակին։ Բայց չպետք է կարծել, թե գործ ունենք վրեժի մոլեռանդ դրսեւորման հետ։ Ընդհակառակը, իմ դիտարկումների համաձայն, ռուսական քաղաքականությունը, չունենալով գաղափարախոսական կապանքներ, որքան ագրեսիվ է, այնքան էլ պրագմատիկ է եւ հետեւողական։ Այսինքն՝ մի դեպքում մոնղալական աննահանջ հարվածն է, մյուս կողմից՝ բյուզանդական խարդախությունը։
Կրեմլյան ռեւանշիզմի առաջնային թիրախը 1990/1991 թվականներին ձեւավորված նոր միաբեւեռ աշխարհակարգն է։ Բնականաբար ռուսները չեն համակերպվել ԽՍՀՄ-ի անփառունակ վախճանի հետ եւ փորձում են վերստին ամրագրել իրենց տեղը համաշխարհային քաղաքականության մեջ։ Գործընթացն այս կանգ չի առնի նույնիսկ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությունից հեռանալու պարագայում։ 2000-ականների կեսերից սաղմնավորվող Ռուսաստանի այս դիրքավորումը լրջագույն մարտահրավեր է առաջին հերթին նրա հարեւան պետությունների համար՝ Վրաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի եւ այլն։ Խոսելով Հայաստանի մասին՝ անհրաժեշտ է նկատել, որ ցավոք հայ քաղաքական միտքը այդպես էլ չընկալեց (չի էլ ընկալում) լրջագույն այս փոփոխությունը։
Վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, նախորդ քսան տարիների կոնֆորմիզմի մեջ թաղված, չնկատելու տվեցին Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը։ Անհեռատես եւ անպատասխանատու այս կեցվածքը, ինչպես տեսանք, ավարտվեց աղետով։ Սարերի հետեւում չէ նաեւ աղետի երկրորդ ալիքը, եւ Ղարաբաղից հետո անշուշտ կրակների մեջ է հայտնվելու Հայաստանը։ Իսկ սրա դեմն առնելու միակ ճանապարհը Հայաստանի շահերի համապատասխանեցումն է Հարավային Կովկասում ռուսական հետաքրքրություններին։ Այսինքն՝ մենք է պետք է բավարարենք բոլոր այն պայմանները, որոնք ակնկալվում են Ռուսաստանի կողմից։
Սա բնականաբար հանգեցնելու է փոքր կամ մեծ կորուստների, բայց երկրի տարածքային ամբողջականության եւ անկախության պահպանման այլ տարբերակ առնվազն չի նշմարվում։ Ավելի լավ է ունենալ թույլ եւ խոցելի անկախություն, քան ընդհանրապես չունենալ, քանի որ առաջինը բաց տարածություն է թողնում ապագայում առաջխաղացման եւ զարգացման համար։
Ուզենք թե չուզենք, պետք է հաշվի նստենք այն իրողության հետ, որ Ռուսաստանը չի թուլանում, ընդհակառակը՝ ծանր զրկանքների գնով վեր բարձրանալու փորձեր է անում, իսկ այդ ճանապարհին նա չի խնայելու ոչ ոքի՝ չեզոքացնելով նույնիսկ ամենափոքրիկ խոչընդոտը։
Աշխարհը վերստին կանգնել է Եվրոպայի արեւելյան սահմանների պատմական հիմնախնդրի առջեւ։ Սահմանագծի մեր հատվածը ռուսական գոտի է, այդպես առաջին հերթին ընկալում են հենց Վաշինգտոնում՝ ի տարբերություն Ուկրաինայի, որը դեռեւս ավելին չէ, քան Ռուսաստանի եւ Լեհաստանի միջեւ բուֆերային գոտին։ Այս իմաստով Արեւմուտքից ռազմաքաղաքական աջակցության մասին խոսակցություններն անհիմն են եւ անլուրջ։
Ուկրաինայի եւ Վրաստանի մասնատմանը հեռվից հետեւող եւ Մոսկվային խաղաղեցնողի առաքելություն ստանձնած Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան երբեք կոնֆլիկտի մեջ չեն մտնի հանուն Հայաստանի։ Պարզապես ընդհանուր ռազմաքաղաքական շահեր չկան. հարավկովկասյան փոքրիկ այս պետությունը որեւէ կերպ չի տեղավորվում ազդեցության գոտիների եւ ռեսուրսների համար մղվող պայքարի վաշինգտոնյան ռազմավարական հետաքրքրություններում։
Ասվածից ամենեւին էլ չի ենթադրում, թե տարատեսակ այլ ոլորտներում համագործակցության եզրեր չկան։ Ամենեւին էլ այդպես չէ, բայց դա խոսակցության այլ թեմա է։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։