ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առանձնազրույցներ է ունեցել Բաքվից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորված հայ զինծառայողների հետ։
Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ «Արմավիր» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաեւ նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած:
Արդեն իսկ ամփոփվել են այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր, նշել է Պաշտպանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Սյունիքի Իշխանասարի հատվածում տեղակայված 3 հայկական մարտական դիրքերի վրա հակառակորդի հարձակումից հետո գերեվարված, ապա Հայաստան վերադարձած զինծառայողներից մի քանիսը դեկտեմբերի 11-ին կալանավորվել են։
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերիներից լեյտենանտ Սերժիկ Ամիրխանյանը կալանավորվել է։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի եւ զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը։
Նոյեմբերի 16-ին ՀՀ զինված ուժերի մարտական դիրքի կորստի եւ զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել եւ կալանավորվել նաեւ մեկ շարքային զինծառայող։
Դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիներն իր համար արդեն չկան, գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ պաշտոնյաների քաղաքական հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ նրանց հայրենադարձման գործընթացի վրա: