Գործելու, ո՛չ թե խոսելու կոչով «Գալերի 25» պատկերասրահում բացվեց տարեվերջյան «Լռություն» խորագրով ամփոփիչ ցուցահանդեսը։ Սրահի պատերին «Գալերի 25»-ի 20 արվեստագետ-անդամների 30 աշխատանքներն են։ Արվեստի գործերի հիմնական մասը 2021 թվականին ավարտին հասցված ու դեռեւս չցուցադրված նմուշներն էին։
Արվեստագետ Հրաչյա Վարդանյանը «Գալերի 25» պատկերասրահի անդամ է արդեն մեկ տասնամյակ։ Արվեստի կենտրոնի հետ համագործակցությունը երիտասարդ արվեստագետի համար արտասահմանյան հարթակների կարեւոր դռներ է բացել: Ցուցադրություններով շրջագայել է ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում։
Անցնող տարին ամփոփում է իր «Լուսափայլ գիշեր» շարքի երկու աշխատանքներով։ «Բազմաշերտ գործեր են, ներառում են ուսումնասիրություններ եւ հիշողություններ։ Աշխատանքներիս մեջ ցույց եմ տվել, որ գիշերը փոխակերպվում է ցերեկվա։ Երկար սպասված լույսը կբացվի, ելք կգտնենք այս անորոշ վիճակից»,- ասում է Հրաչյա Վարդանյանը։
Նկարիչ Լեւոն Ֆլջյանը նույնպես երկու նորավարտ աշխատանք է ներկայացրել ցուցադրությանը։ Նրա կարծիքով՝ «Գալերի 25»-ը վերջին տասնամյակում արվեստագետների համախմբման ու մտքերի գեներացման հարթակ է դարձել։
Վստահ է՝ ցուցահանդեսին ներկայացրած իր գործերին նայող արվեստասերը արժեքների վերանայման եւ դրանց մասին խորհելու ներքին մղում կզգա։ «Նկարներում տեսանելի, լուռ խոսք կա. ամեն մարդ կնայի ու անուն կտա այս գործերին»,-մեկնաբանում է նկարիչը։
Սոֆյա Յուզբաշյանը «Գալերի 25»-ի մշտական այցելուներից է, աշխատում է այստեղ տեղի ունեցող մշակութային ոչ մի իրադարձություն բաց չթողնել։
«Շատ հաճելի միջավայր է, վերագտնում ու վերաիմաստավորում ենք ներկան ու անցյալը։ Նկարը, ճիշտ է, շրջանակի մեջ է, բայց մեր հոգիները հանում է շրջանակից եւ օգնում, որ անսահմանության մեջ ճախրեն»,- ասում է տիկին Յուզբաշյանն ու ամեն նկարի մոտ լուռ կանգնում երկար ժամանակ։
Պատկերասրահն իր մեծ դերակատարումն ունի նաեւ երիտասարդ արվեստագետների կայացման, հանրայնացման գործում։ «Գալերի 25»-ում արվեստի բուհերում սովորող ուսանողներին հատուկ տարածք է տրամադրված, որը սկսնակ արվեստագետի համար ազատ արտահայտվելու եզակի հարթակ է։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, նկարիչ Վահագն Ղուկասյանը պատկերասրահի անդամ է։ Ասում է՝ այս տարիներին բուհը մշտապես համագործակցում է պատկերասրահի հետ։
«Ուրախ ենք, որ կա նման ցուցասրահ։ Ուսանողները կարող են ցուցադրվել, հանրայնացվել, ինչու չէ, վաճառել աշխատանքները։ Տարածքը մշտապես բացարձակ անվճար է տրամադրվում ուսանողական ցուցահանդեսների համար։ Պատկերասրահի շնորհիվ երիտասարդ արվեստագետները հնարավորություն են ստանում մասնակցելու ցուցահանդեսների նաեւ արտասահմանում»,- ասում է Ղուկասյանն ու հավելում, որ եկող տարին իրենց բուհի համար հոբելյանական է՝ 25 տարեկան են դառնում։
25-ամյա բուհը «Գալերի 25»-ի հետ նախատեսում է իրականացնել լայնածավալ միջոցառումների շարք ամբողջ Հայաստանի տարածքում, եզրափակիչ ակորդն էլ լինելու է Մոսկվայում։
Պատկերասրահի հիմնադիր-տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը «Լռություն»-ը համարում է ոչ միայն անցնող տարվա ամփոփում, այլեւ նոր տարվա հարուստ մշակութային ծրագրերի ազդարար։
«Լռության իմաստն այն է, որ մարդը գործով, ոչ թե խոսքով ցույց տա, որ մենք պետք է փոխենք մեր միջավայրը, ապրելակերպն ու կրթական մակարդակը։ Եթե շարունակենք չօգտագործել մշակույթը, դատապարտված ենք կործանման»,- վստահ է Ալեքսան Տեր-Մինասյանը։
Նա համոզված է, որ երկրի մշակութային զարգացումն ու ծաղկումը ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ գործչի, այլ ստեղծագործող մարդու՝ արվեստագետի մենաշնորհն է։
Նոր տարին «Գալերի 25»-ում լի է նոր ծրագրերով ու նախագծերով։ Բացի Հայաստանի սահմանների ներսում լայնածավալ ծրագրերի իրականացումից՝ նախատեսվում է մշակութային լուրջ համագործակցություն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրիայի գործընկեր պատկերասրահներում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։