Ըստ ԵԽ պաշտոնական կայքի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14–ին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը եւ երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
ԵԽ նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ընդգծել է տարածաշրջանում ենթակառուցվածների վերականգնման կարեւորությունը՝ շեշտելով, որ դա պետք է կյանքի կոչվի բոլոր երկրների ինքնիշխանությունը լիովին հարգելով: Որոշվել է փոխադարձության սկզբունքով սահմանային եւ մաքսային հսկողություն իրականացնել երկաթուղային հաղորդակցության ուղիների վերականգնման հարցում:
Անվտանգ, կայուն եւ բարգավաճ տարածաշրջան
«Միշելը երկու երկրների առաջնորդներին վստահեցրել է, որ Եվրոպական խորհուրդը հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը հակամարտության հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու եւ վստահության մթնոլորտի ստեղծման գործում, որն, ի վերջո, ամրապնդվել է համաձայնագրով»,- ասված է ԵԽ հաղորդագրությունում:
ԵԽ-ն նշել է նաեւ, որ բոլոր երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ, կայուն եւ բարգավաճ տարածաշրջան՝ ի շահ այնտեղ ապրողների։
Փաշինյանը եւ Ալիեւը հաստատել են, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կկատարվեն, ինչպես նաեւ կյանքի կկոչվեն 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԵԽ նախագահը բարձր է գնահատել երկու առաջնորդների քայլերը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախումներից հետո լարվածության թուլացման հարցում։ Խոսքը հենց Շառլ Միշելի աջակցությամբ երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ ուղիղ կապի հաստատման մասին է։
Շառլ Միշելը շեշտել է, որ այդ մեխանիզմը կարող է նպաստել միջադեպերը կանխելուն եւ դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման առնչությամբ։
Հումանիտար ժեստերը նպաստում են վստահության ամրապնդմանը
ԵԽ նախագահ Շառլ Միշելը շեշտել է, որ հումանիտար հարցերի լուծումը կարեւոր նշանակություն ունի: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից 10 հայ բանտարկյալների ազատ արձակման քայլը, ինչպես նաեւ ՀՀ֊–ի՝ բոլոր քարտեզների հանձնումը: Միշելը կոչ է արել լուծելու դեռեւս չլուծված մարդասիրական բոլոր հարցերը։
Խոսքը, մասնավորապես, մյուս ձերբակալվածների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու մասին է։ Երկու կողմերի հումանիտար ժեստերը, ըստ նրա, նպաստում են վստահության ամրապնդմանը եւ օգնում ստեղծելու պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը:
Պայմանավորվել են ԼՂ տարածքների ականազերծման շուրջ
ԵԽ-ն կշարունակի տեխնիկական աջակցություն ցուցաբերել ականազերծման աշխատանքներին, ինչպես նաեւ փորձագիտական խորհրդատվություններ կտրամադրի եւ կաջակցի հակամարտությունից տուժած բնակչությանը։ ԵԽ-ն նաեւ կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման հարցում:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել իր տնտեսական եւ ներդրումային ծրագրերով աջակցելու ստեղծվելիք կապի զարգացմանը: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական պլատֆորմը կարող է նաեւ այս գործընթացին աջակցել:
ԵԽ-ն փորձագետների խորհրդատվական խումբ կստեղծի՝ սահմանազատման-սահմանագծման հարցով
Կողմերը համաձայնության են եկել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցով ժամանակավոր աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ:
ԵԽ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվին ու Երեւանին կոչ է արել լարվածության թուլացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու: Նա շեշտել է, որ ուժերի միջեւ պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարեւոր տարր է։
ԵԽ-ն փորձագետների խորհրդատվական խումբ կտրամադրի սահմանազատման եւ սահմանագծման հարցերի աջակցության համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը
Միաժամանակ լայնորեն քննարկվել է հաղորդակցության եւ տրանսպորտային ուղիների բացման հարցը:
Ըստ ադրբեջանական «Ազերթաջ» պետական գործակալության՝ «հայկական կողմը վերահաստատել է իր պարտավորությունը՝ կապված իր տարածքով երկաթգծի անցկացման հետ»: Արձանագրվել է, որ Հայաստանը շուտով ձեռնամուխ կլինի երկաթուղու անցկացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մաքսային եւ սահմանապահ հսկողության ապահովման շուրջ՝ փոխադարձության սկզբունքով: Ավտոմբիլային ճանապարհի երթուղին սահմանելու վերաբերյալ հարցի քննարկումը կշարունակվի:
Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան եւ Ռուսաստան
Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ կողմերը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ նրա՝ երկաթուղին «կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»։
Նա հավելել է, որ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։
Կողմերը նաեւ պայմանավորվել են հետեւել հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությանը եւ շարունակել շփումները։
Փաշինյանն ու Ալիեւը առանձնազրույց են ունեցել
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2020-ի Արցախյան պատերազմից հետո առաջին անգամ առանձնազրույց են ունեցել։
«Արդյոք ճի՞շտ է, որ Եվրոպական խորհրդի նախագահը մի պահ մենակ է թողել Ալիեւին եւ Փաշինյանին» հարցին Միշելը դրական է պատասխանել եւ հավելել, որ ինքը կարեւորում է իր կողմից օգնելը, աջակցելը, սակայն նաեւ շատ կարեւոր է, որ նրանք ուղիղ խոսեն:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը