Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում Արեւելյան Եվրոպա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը ուսումնասիրելու մասին Սպիտակ տան հայտարարությունը սադրանք է: Ռյաբկովը խորհուրդ է տվել դրա փոխարեն կենտրոնանալ անվտանգության երաշխիքների քննարկման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի վրա։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ավելի վաղ տեղեկացրել էր Ուկրաինայի կողմից Մինսկի համաձայնագրերը չկատարելու եւ պայմանավորվածությունների սաբոտաժի մասին: Պուտինը նաեւ նշել էր, որ հենց ՆԱՏՕ-ն է Ուկրաինայի տարածքը յուրացնելու եւ ռուսական սահմանների մոտ ռազմական ներուժը մեծացնելու վտանգավոր փորձեր ձեռնարկում:
Դեկտեմբերի 13-ի հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մատնացույց էր արել ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինայի տարածքի ակտիվ «յուրացումը», ինչը սպառնում է ՌԴ անվտանգությանը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ Ռուսաստանի զորքերի շուրջ տեղեկատվական լարվածության սրումն արվում է դրա հետագա խորացման եւ որպես հավանական ագրեսոր կողմ ներկայացնելու համար։
Ռուսաստանը, ի պատասխան Արեւմուտքի մեղադրանքների, բազմիցս հայտարարել է, որ որեւէ մեկին չի սպառնում եւ ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվելու, սակայն իր շահերի համար հավանական վտանգ ներկայացնող գործողություններն անուշադրության չի մատնի։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ այս տարվա ապրիլին հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Ուկրաինայի դեմ եւ անընդունելի է համարում պատերազմի որեւէ հնարավորություն: Նա նշել էր, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքի սահմաններում եւ իր հայեցողությամբ: Պեսկովը հավելել էր, որ ռուսական բանակի տեղաշարժն ուղղված չէ որեւէ երկրի դեմ:
ՌԴ ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ Կիեւին Ռուսաստանից պաշտպանելու անհրաժեշտության մասին Արեւմուտքի հայտարարությունները ոչ միայն ծիծաղելի են, այլեւ վտանգավոր։