Ըստ իրանական Press TV հեռուստաալիքի՝ Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին առաջընթացի են հասել տեւական քննարկումների ընթացքում:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ավելի վաղ հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն ձգտում է Իրանի հետ համաձայնության հասնելու իրանական Քարաջում ԻԱԷԿ-ի օբյեկտում խցիկների վերատեղակայման շուրջ: Գրոսին նաեւ նշել է, որ Թեհրանը պետք է պարզաբանի մի շարք, դրանց թվում՝ չհայտարարված վայրերում միջուկային նյութերի առկայությանը վերաբերող հարցեր:
Շեշտելով, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունները նվազել են, Խաթիբզադեն այդուհանդերձ չի բացահայտել քննարկումների եւ պայմանավորվածությունների մանրամասները:
Դեռեւս 2019-ի նոյեմբերին հայտնի է դարձել, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն անտրոպոգեն ծագման բնական ուրանի մասնիկներ են հայտնաբերել Իրանի օբյեկտում, ինչի մասին ավելի վաղ չի հաղորդվել: Այս տարվա մարտի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, թե այդ փաստը պարզորոշ մատնանշում է, որ այնտեղ գտնվել են միջուկային նյութեր, սակայն 1,5 տարի անց օբյեկտում այդ մասնիկների առկայության վերաբերյալ Թեհրանն այդպես էլ ոչ մի բացատրություն չի տվել:шф