Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների անվտանգությունը։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մեկ շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահների աջակցությամբ բնակիչներն ավելի քան 40 հա ցանքատարածությունում տարբեր մշակաբույսերի սերմեր են ցանել:
ԼՂ հեռավոր շրջաններում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար կազմվում է ժամանակացույց։ Խաղաղապահները խնդիրների առաջնահերթությունը որոշելիս հաշվի են առնում քաղաքացիների այն մտահոգությունները, որոնք Ստեփանակերտում հանրային ընդունելության ժամանակ նրանք հայտնել են ռուս խաղաղապահներին:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են իրականացնում, այդ թվում օգնում են քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական եւ կանխարգելիչ աշխատանքներում։
Կենտրոնի մասնագետները նաեւ օգնում են ուխտավորներին այցելել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ գտնվող վանական համալիրներ: