Հայաստանը վերջին մեկ դարում երեք անգամ ստիպված է եղել ենթարկվել թուրքական պայմաններին եւ նրա հետ ստորագրել պայմանագրեր, որոնք հայ քաղաքական միտքը որակել է կապիտուլյացիոն, հակահայ եւ նմանօրինակ այլ բնորոշումներով:
1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը եւ մեկ շաբաթ առաջ հիմնադրված Հայաստանի Հանրապետությունը Բաթումում ստորագրեցին Հաշտության եւ բարեկամության պայմանագիր եւ լրացուցիչ արձանագրություններ: Զորավար Անդրանիկը չընդունեց այդ հանրապետությունը՝ համարելով դա «թուրքի ձեռքով ստեղծված»: Սկզբում այդ պայմանագիրը անընդունելի էր նաեւ Արամ Մանուկյանի համար: ՀՅԴ-ական իշխանությունը՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունին եւ արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը, սակայն, համարձակություն ունեցան, ստիպված եղան գնալ Բաթում եւ ստորագրել կապիտուլյացիոն համարվող փաստաթղթի տակ: Այլընտրանքը կարող էր լինել այն, որ ուղղակի Հայաստան չլիներ:
Շատերը հայհոյում ու դավաճանական էին համարում թուրքերի հետ կնքած Բաթումի պայմանագիրը, բայց հակադրվելով հասարակական կարծիքին` Քաջազնունին համոզված էր, որ Հայաստանը պետք է կատարի այդ պայմանագրի դրույթները եւ միջպետական հարաբերություններ պահպանի օսմանյան կառավարության հետ: Հայաստանը կատարեց Օսմանյան Թուրքիայի բոլոր նախապայմանները եւ պարտադրանքները, իսկ օգոստոսի 3-ին Քաջազնունին խորհրդարանում կարդաց կառավարության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր՝ «ամրացնել օսմանյան կառավարության հետ հաշտությունը եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետեւել, որ օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ»:
Օսմանյան կայսրությունն առաջին պետությունն էր, որ ճանաչեց ընդամենը 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հիմնադրված Հայաստանի Հանրապետությունը։ Առաջինն էր, որ նրա հետ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ։ Առաջինն էր, որ Երեւանում բացեց դեսպանություն, որը քաղաքի կենտրոնում էր՝ այսօրվա Սախարովի հրապարակում։ Առաջինն էր, որ ուղարկեց դիվանագիտական ներկայացուցիչ՝ դեսպան Մեհմեդ Ալի փաշային:
Հայերը երկրորդ ստորացուցիչ պայմանագիրը կնքեցին 1920 թվականի դեկտեմբերի 2-3-ի գիշերը: Հայաստանը պարտվել էր քեմալականների դեմ պատերազմում, կորցրել շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, այդ թվում՝ Կարսը: Քեմալականները զավթել էին այդ օրերի Հայաստանի խոշորագույն քաղաքը՝ Ալեքսանդրապոլը, եւ Շիրակի դաշտավայրը: Որեւէ մեկը չէր ցանկանում բանակցել թուրքերի հետ: Ալեքսանդր Խատիսյանը ստանձնեց այդ անիծյալ դերը երկրորդ անգամ: Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի տարածքը դառնում էր մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր: Օգոստոսի 10-ին կնքված Սեւրի պայմանագիրը, որով Հայաստանը պետք է ունենար շուրջ 160 հազար քառակուսի կիլոմետր, մնաց թղթի վրա: Ավելին՝ Ալեքսանդրապոլի բանակցություններում Քյազիմ Կարաբեքիր փաշան պարտադրեց, որ Հայաստանը հրաժարվի Սեւրից: Խատիսյանը, վարչապետ Սիմոն Վրացյանի հետ խորհրդակցելով, հրաժարվեց Սեւրից:
1921 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 13-ը Կարսում տեղի ունեցան բանակցություններ մի կողմից Քեմալական Թուրքիայի, մյուս կողմից՝ Խորհրդային Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ՝ Խորհրդային Ռուսաստանի մասնակցությամբ: Սա հայերի համար պարտադրված եւ ստիպողաբար կնքված երրորդ պայմանագիրն էր թուրքերի հետ, որով հաստատվեցին եւ փաստացի գծվեցին Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները, որոնք անփոփոխ են արդեն 100 տարի: Հայ կոմունիստ ներկայացուցիչների՝ Ասքանազ Մռավյանի եւ Պողոս Մակինցյանի խնդրանքներին՝ գոնե Անին ու Կողբի աղահանքերը թողնել Խորհրդային Հայաստանի կազմում, արժանացան Կարաբեքիրի կոշտ հակազդեցությանը:
1991 թվականի անկախությունից ի վեր Հայաստանի հաջորդական կառավարությունները փորձել են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչը, սակայն, չի հաջողվել: Անկարան առաջ է քաշել նախապայմաններ: Թվում էր, թե Սերժ Սարգսյանին կհաջողվի դա անել, սակայն 2008-ին մեկնարկած «ֆուտբոլային դիվանագիտությունը» մտավ փակուղի, քանի որ Հայաստանը չկատարեց թուրքերի նախապայմաններից հիմնականը՝ ստատուս-քվոյի (որեւէ) փոփոխություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Այսօր Հայաստանի կառավարությունը խոսում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը հետեւելու են ՀՅԴ-ի (1918՝ Բաթում, 1920՝ Ալեքսանդրապոլ) եւ Կոմկուսի (1921՝ Կարս) օրինակին եւ ստորագրելու են թուրքական նախա/պայմաններով եւ պարտադրանքով փաստաթղթեր:
Ակնհայտ է, որ Անկարան առաջ է քաշել եւ հավանաբար շարունակելու է պնդել նախապայմանները, որ Հայաստանը՝
ա. պետք է գրավոր հաստատի եւ ընդունի ժամանակակից Թուրքիայի սահմանները, այն է՝ վերահաստատի 1921-ի Կարսի պայմանագիրը,
բ. չպետք է Սփյուռքի հետ շարունակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը,
գ. պետք է տրամադրի միջանցք, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապվի Նախիջեւանի ու Թուրքիայի հետ:
Հայաստանը չորրորդ անգամ վերջին 100 տարվա ընթացքում կանգնել է մղձավանջային ընտրության, եթե կուզեք՝ թուրքական պարտադրանքի առաջ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։