Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի Թաղավարդ համայնքի բնակիչները չեն կարողանում այցելել համայնքի՝ Արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում մնացած գերեզմանատուն։
Գերեզմանատունն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու համայնքի այն հատվածից, որտեղ այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները։
Արցախի ՄԻՊ-ը շեշտել է, որ մարդիկ իրավունք ունեն իրենց հարազատների հիշատակը հարգելու՝ այդ թվում նաեւ նրանց գերեզմաններին այցելելու հնարավորություն ունենալու։ Սակայն ադրբեջանական կողմը որեւէ ըմբռնում չի դրսեւորում եւ հնարավորություն չի ընձեռում համայնքի բնակիչներին։
Ստեփանյանը մարդասիրական բնույթի այս հարցի վրա է հրավիրել պետական մարմինների, ռուսական խաղաղապահ զորակազմի, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան եւ մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը։
Նա ընդգծել է, որ կարեւորագույն այս հարցը հավասարապես վերաբերում եւ մտահոգում է ոչ միայն Թաղավարդի բնակիչներին, այլեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած մյուս տարածքների բոլոր բնակիչներին։