Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ավելի քան չորս ժամ տեւած հանդիպումից հետո անցկացված ճեպազրույցում հայտնել է, որ երկու երկրների ղեկավարներին հաջողվել է Բրյուսելում համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում։
Եվրոպական խորհրդի ղեկավարը միայն նշել է, որ կողմերը միմյանց ներկայացրել ու հստակեցրել են իրենց պահանջները։
«Երկաթուղիների մասով կա համաձայնություն՝ սահմանային ու մաքսային հսկողությունը փոխադարձության սկզբունքով իրականացնելու շուրջ։ Հաջորդ հարցը վերաբերում է ավտոմոբիլային մայրուղիներին եւ դրանց ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են հաղորդակցությունը բարելավելու համար։ Նրանք հստակեցրել են այն թեմաները, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Ամփոփելով կեսգիշերն անց ավարտված հանդիպումը՝ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ հարցերը բարդ էին, քննարկումը՝ բաց եւ անկեղծ։
«Մենք ցույց տվեցինք, որ ուղիղ բանակցությունները օգտակար են եւ անհրաժեշտ՝ նույնիսկ բարդ թեմաների շուրջ բանակցությունները: Իհարկե, կան բարդ հարցեր, բարդ թեմաներ, սակայն առաջին քայլերը, եթե մենք ուզում ենք հասնել առաջընթացի, դա, անշուշտ, միմյանց լսելն է, հասկանալն է՝ ինչ տարբեր կարծիքներ, տեսակետներ կան, երբեմն հստակեցնել տարբեր փաստարկները»,- ասել է Շառլ Միշելը:
Եվրոպական խորհրդի նախագահը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին որոշ ժամանակով մենակ թողնելով նրանց առանձին շփվելու հնարավորություն տալու իր քայլին, ընդգծել է․ «Միշտ կարեւոր է ուղիղ զրուցելը։ Համոզված եմ, որ նման անձնական հանդիպումները հսկայական բան են ավելացնում։ Համոզված եմ, որ, օրինակ, Սոչիի հանդիպումը, այս հանդիպումը առիթ կլինեն, որ մոտ ապագայում այլ ուղիղ շփումներ լինեն երկու առաջնորդների միջեւ, ինչը շատ օգտակար է»:
Շառլ Միշելը շեշտել է, որ նման հանդիպումները եւս կարեւոր են: Նա հիշեցրել է իր միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ հաստատված կապը։
«Մեզ հաջողվել է դրական դեր խաղալ պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապը հնարավոր դարձնելու գործում՝ հնարավոր միջադեպերը կանխելու, հետագա բախումներից խուսափելու համար»,- ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահը։