Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Աթենքում Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Իսպանիան հարձակողական սպառազինություն չի մատակարարելու Թուրքիային։
«Այսօրվա Թուրքիան ապակայունացման գործոն է Միջերկրական ծովում, իսկ դա casus belli-ի դրսեւորում է՝ Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարություն։ Սա աննախադեպ բան է։ Թուրքիան մոլորակի միակ երկիրն է, որն այլ երկրի դեմ պատերազմի սպառնալիք է հնչեցնում անգամ այն դեպքում, երբ այդ երկիրն իր օրինական իրավունքն է իրացնում»,- նշել է Դենդիասը։
Պաշտոնական Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմի առիթ կարող է դառնալ Աթենքի որոշումն իր տարածքային ջրերը վեցից տասներկու մղոն ընդլայնելու մասին, քանի որ դա, իբր, խախտում է Թուրքիայի ազգային ինքնիշխանությունը:
Այս առումով Հունաստանի արտգործնախարարը մտահոգություն էր հայտնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունն ակտիվացնելու Իսպանիայի մտադրության կապակցությամբ:
«Ես ընդգծել եմ, որ 2008-ից սկսած՝ ռազմական տեխնոլոգիաների արտահանումը կարգավորող ընդհանուր կանոններ սահմանելու մասին ԵՄ խորհրդի 2008-ի դեկտեմբերի 8-ի «Ընդհանուր դիրքորոշման» մեջ անդամ պետությունները պարտավորություն են ստանձնել չմատակարարել տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, ռազմական տեխնիկա, որը կարող է օգտագործվել հարձակողական գործողություններում կամ տարածաշրջանային ապակայունացման համար»,- նշել է Դենդիասը:
Իսպանացի պաշտոնյան հավաստիացրել է, որ Իսպանիան գործել է ու միշտ գործելու է եվրոպական որոշումների շրջանակում:
Հունաստանին մտահոգել էր Թուրքիայի եւ Իսպանիայի միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի արտադրության ու նավաշինության ոլորտում:
Համագործակցության ծրագրերի մասին հայտարարվել է Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի նոյեմբերի 17-ի համատեղ ասուլիսում:
Աթենքի քննադատությունից հետո Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալվարեսը շտապ այցելել է Աթենք՝ պարզաբանելու սպառազինությունների մատակարարման մասին Իսպանիայի ու Թուրքիայի համաձայնագրերի էությունը:
Իսպանիան, Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են։