ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ շփումների շարունակականությունը։
Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել երեկ երեկոյան, քննարկման բովանդակության մասին տեղեկությունները դեռ չեն ամփոփվել։ Մոսկվան հընթացս վերլուծում է բրյուսելյան հանդիպումը՝ քննարկման բովանդակության մասին տեղեկություններ ստանալուն զուգահեռ:
Զախարովան ընդգծել է, թե Ռուսաստանը հույս ունի, որ բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը, որոնք ձեռք են բերվել նախորդ երեք հանդիպումների ժամանակ:
ՌԴ-ն կաջակցի հայ-թուրքական բանակցություններին
Մարիա Զախարովան անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի՝ հարաբերությունների կարգավորման նպատակով երկխոսելու մտադրությանը։
Նա հայտնել է, որ Ռուսաստանը ողջունում է Անկարայի եւ Երեւանի կողմից երկխոսություն սկսելու տրամադրվածությունը։ Զախարովան նշել է, որ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական ու ողջամիտ քայլ է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցելու այդ գործընթացին։
Զախարովան նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, ինչպես նաեւ երկու երկրների եւ նրանց ժողովուրդների միջեւ վստահության եւ բարիդրացիական մթնոլորտի ձեւավորմանը:
Նա ընդգծել է, որ այս համատեքստում դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կազմակերպված 3+3 տարածաշրջանային խորհրդատվական ձեւաչափի առաջին հանդիպումը, որին մասնակցել են նաեւ հայկական եւ թուրքական կողմերի ներկայացուցիչները, նույնպես նպաստում է Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ձեւաչափի մյուս մասնակիցների մերձեցմանը:
ՏԱՍՍ-ը նշել է, որ չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները արձանագրություններ են ստորագրել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ փոխհարաբերությունների սկզբունքների մասին, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չեն վավերացրել։ 2018-ի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել է արձանագրությունները չեղարկելու մասին։
«Ռիա Նովոստին» ընդգծել է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանը փակվել է 1993-ին Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջեւ բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրում Ադրբեջանի դիրքորոշմանը Թուրքիայի աջակցությամբ եւ 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքով։