Ալեքսեյ Նավալնիի դուստրը՝ Դարյա Նավալնայան, դեկտեմբերի 15-ին Ստասբուրգում ստացել է հորը շնորհված Եվրամիության մարդու իրավունքների Սախարովի անվան մրցանակը։
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի ուսանող 20-ամյա Դարյան Եվրամիությանը կոչ է արել դիմակայելու բռնակալներին։ Նա ընդգծել է, որ բռնակալներին և տիրաններին խաղաղեցնելու փորձերը երբեք հաջողություն չեն ունեցել։
45-ամյա Ալեքսեյ Նավալնին 2020-ի օգոստոսին Ռուսաստանում թունավորվել է «Նովիչոկ» տեսակի քիմիական նյութով։ Գերմանիայում բուժվելուց հետո Ռուսաստան վերադառնալով՝ նա ձերբակալվել է պայմանական ազատազրկման կարգը խախտելու համար եւ մինչև հիմա պահվում է բանտում։ Մոսկվան հերքում է նրա ձերբակալության քաղաքական ենթատեքստ ունենալու՝ Արևմուտքի մեղադրանքները։ Ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների հանդեպ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Նավալնիին թունավորելու ու բանտարկելու համար։
Սախարովի անվան մտքի ազատության ամենամյա մրցանակն (Sakharov Prize for Freedom of Thought) անվանվել է ի պատիվ ռուս գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, իրավապաշտպան, այլախոհ, 1975-ի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի:
Մրցանակը ստեղծվել է 1988-ի դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից, որպես խրախուսման միջոց մարդու իրավունքների եւ մտքի ազատության պաշտպանությանը նվիրված անհատներին, խմբերին կամ կազմակերպություններին։ Մրցանակը հանձնվում է Եվրախորհրդարանի դեկտեմբերյան նստաշրջանում։ Մրցանակը ներառում է 50000 եվրո դրամական պարգեւ, որը Եվրախորհրդարանի նախագահն անձամբ է շնորհում:
Առաջին մրցանակը շնորհվել է 1988-ին։ Դափնեկիրները երկուսն են եղել. Նելսոն Մանդելան (Հարավային Աֆրիկա) և Անատոլի Մարչենկոն (Ռուսաստան)։ Վերջինս մրցանակի արժանացել է հետմահու։