Չինաստանի պետական վիճակագրական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ֆու Լինհուեյը հայտարարել է, որ երկրում ամեն տարի ծնվում է ավելի քան տասը միլիոն մարդ, եւ բնակչության ընդհանուր թվաքանակը դեռեւս համեմատաբար մեծ է: Չինաստանն առաջվա պես ապահովված է աշխատանքային ռեսուրսներով:
Նա նշել է, որ հասկանում է հանրության անհանգստությունը՝ արդյո՞ք երկրում բավական աշխատուժ կա՝ պատշաճ տնտեսական աճն ու կայունությունն ապահովելու համար:
«Աշխատանքային ռեսուրսներն առաջվա պես հարուստ են: Յոթերորդ համաչինական մարդահամարի տվյալներով՝ 2020-ին Չինաստանի 16-59 տարեկան աշխատունակ բնակչության թիվն ավելի քան 880 միլիոն էր, ինչն արդեն իսկ բավականին շատ է»,- ընդգծել է չինացի պաշտոնյան:
Ֆու Լինհուեյը հավելել է, որ միաժամանակ աստիճանաբար բարելավվում են բնակչության կրթվածության, մշակութային եւ ֆիզիկական զարգացման ցուցանիշները: Երկրում բարձրագույն կրթություն է ստացել բնակչության 23,61%-ը, իսկ 2019-ի ցուցանիշներով կյանքի միջին տեւողությունը 77,3 տարին է, ինչը 2010-ի համեմատ ավելի է 2,47 տարով:
Չինացի պաշտոնյան նշել է նաեւ, որ 2010-ի մարդահամարի տվյալների համեմատ երկրի բնակչության 0-14 տարեկանների թիվն աճել է 1,35%-ով:
Ըստ նախորդ տարվա նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 10-ը անցկացված Յոթերորդ համաչինական մարդահամարի՝ Չինաստանը պահպանել է բնակչության թվով աշխարհի խոշորագույն երկրի կարգավիճակը: Երկրի մայրցամաքային հատվածում ապրում է 1,411 միլիարդ մարդ, իսկ Հոնկոնգի, Մակաոյի, Թայվանի բնակչության եւ երկրում ապրող օտարերկրացիների թվաքանակը գումարելու դեպքում՝ 1,443 միլիարդ մարդ:
Ազգային մարդահամարի արդյունքներով մայրցամաքային Չինաստանում բնակվում է 0-14 տարեկան 253 միլիոն 383 հազար 938 (17,95%), 15-59 տարեկան 894 միլիոն 376 հազար 020 (63,35%), 60 տարեկանից բարձր 264 միլիոն 018 հազար 766 (18,70%), 65 տարեկանից բարձր 190 միլիոն 635 հազար 280 մարդ (13,50%):
Չինաստանում վերջին տասը տարում զգալիորեն աճել է կրթության մակարդակը. 2020-ի մարդահամարի տվյալներով՝ երկրում ապրում է բարձրագույն կրթություն ստացած 218,36 միլիոն մարդ: Մինչդեռ 2010-ին 100 հազար բնակիչներից միայն 8930-ն էր բարձրագույն կրթությամբ: 2020-ին այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով 15467-ի, իսկ անգրագիտության մակարդակը 4,08%-ից նվազել է՝ հասնելով 2,67%-ի: