Եվրամիությունը որոշել է 2,3 միլիարդ եվրո հատկացնել «Արեւելյան գործընկերության» երկրներին։
Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում նշվել է, որ այս ներդրումային ծրագիրն ուղղված է «Արեւելյան գործընկերության» ողջ տարածաշրջանի բարօրությանը։
Ըստ հռչակագրի, ընդունելով չլուծված խնդիրները, գործընկեր երկրներում բարեփոխումների կայուն առաջընթացը եւ ԵՄ անդամ երկրների հետ սերտ համակարգմամբ դրա մշտադիտարկումը «Արեւելյան գործընկերության» նպատակներին հասնելու եւ դրա օրակարգի հաջող իրագործման առանցքն է:
«Մասնավորապես՝ ընդհանուր հիմնարար արժեքների ու կառավարման, օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների, այդ թվում ՝ տնտեսական եւ ներդրումային ծրագրերի առումով»,- ասված է հռչակագրում։
«Արեւելյան գործընկերությունը» (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել եւ ամրապնդել Եվրոպական միության (ԵՄ), նրա անդամ պետությունների ու վեց արեւելյան հարեւանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները:
ԵՄ «Արեւելյան գործընկերությունը» որպես նախագիծ 2008-ի մայիս 26-ին Եվրախորհրդի ընդհանուր հարցերի եւ արտաքին կապերի խորհրդում ներկայացրել է Լեհաստանի արտգործնախարարը Շվեդիայի մասնակցությամբ։