Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի ուղղությամբ ակտիվ աշխատանք է ընթանում:
Բաքվում «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների արդի վիճակն ու հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորհրդաժողովում Օվերչուկը շեշտել է, թե տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համատեքստում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում եզակի հնարավորություն է ստեղծվում։
Նա նաեւ անդրադարձել է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիների զարգացմանը, «Հյուսիս-հարավ», «Արեւմուտք-արեւելք» միջազգային տրանսպորտային միջանցքների հնարավորություններին:
Օվերչուկը նշել է, որ նկատելի է, թե ինչ գործընթացներ են ընթանում Հյուսիսային Ամերիկայում, Հարավարեւելյան Ասիայում՝ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Բայց Եվրասիական տնտեսական գոտում ինտեգրման մասին քիչ է խոսվում։ Պետք է զարգացնել եւ անել հնարավորը միջտարածաշրջանային հարաբերություններն ամրապնդելու համար։