ՀՀ-ում ՄԻԵԴ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության հայցով ՄԻԵԴ–ում քննություն է սկսված։
«Թուրքիայի դեմ մենք ունենք ներկայացված գանգատ` ՄԻԵԴ-ում, ս.թ. մայիսի 9-ին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածության, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման ու տեղափոխման միջոցով անմիջական ներգրավվածության փաստերին։ Այսինքն՝ ներկայացվել են ապացույցներ»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ընդգծել է Կիրակոսյանը։ Նա նշել է, որ գանգատն այս պահին դատարանում է, քննվում է պալատներից որեւէ մեկին փոխանցելու հարցը։
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը։
Առաջարկվում է ընդլայնել ՄԻԵԴ ներկայացուցչի իրավասությունները, քանի որ նա Հայաստանը ներկայացնում է ոչ միայն ՄԻԵԴ-ում, այլեւ միջազգային իրավական այլ ատյաններում։
Նախագիծը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ օրենքի նախագծում առաջարկվում է «միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ» ձեւակերպումը։