ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ադրբեջանական իշխանությունների կողմից անօրինական պահվող հայ գերիների վերադարձին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, գերությունից նրանց վերադարձն արհեստական ձգձգելու հարցերին։
Քննարկվել են երկուստեք աշխատանքի առաջնահերթությունները` ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը, ազատությունից զրկելու հարցերում խնդիրները, մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերն այդ բոլոր հարցերում եւ այլն:
Պաշտպանը բարձր է գնահատել համագործակցությունը ՄԱԿ-ի, մասնավորապես UNDP(ՄԱԶԾ)-ի, UNICEF(ՅՈՒՆԻՍԵՖ)-ի, UNFPA(ՄԱԲՀ)-ի, UNHCR(ՄԱՓԳՀ)-ի եւ մյուս կառույցների հետ:
Արման Թաթոյանը շեշտել է նաեւ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստը, որոնք տեղի են ունենում հայկական գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների ու արարքների հետեւանքով։