Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ԵՄ «Արեւելյան գործընկերության» համաժողովի ավարտին եւս մեկ անգամ կոչ է արել պաշտոնական Մոսկվային՝ զերծ մնալու ուկրաինական ուղղությամբ կտրուկ գործողություններից։
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Ռուսաստանին ուղղված առաջին կոչը լարվածության նվազեցումն է․ միաժամանակ պատրաստ են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների աճին։ Պատժամիջոցները շարունակում են օրակարգում մնալ։ Արդեն իսկ սահմանված պատժամիջոցները կխստացվեն, կասկած չկա նաեւ, որ կգործադրվեն նորերը։
Ուրսուլա Ֆոն դեր Լայենն ընդգծել է․ ուղերձը շատ հստակ է՝ Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիվ քայլ շատ բարձր գին կունենա Ռուսաստանի համար եւ կհանգեցնի լուրջ հետեւանքների։
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող գործողությունները սպառնում են Եվրոպայի անվտանգությանը։ Ստոլտենբերգը Ուկրաինային ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկեր է անվանել։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակման տեմպերը չեն նվազում։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները սադրիչ են ու ապակայունացնող։
Զելենսկին էլ հայտարարել է, թե պաշտոնական Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցելու ցանկացած ձեւաչափով։ Նա ընդգծել է, թե ռուսները որեւէ ձեւաչափով բանակցելու մտադրություն չունեն։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ բրյուսելյան քննարկումների ընթացքում ԵՄ մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամություն են հայտնել։ Նա շեշտել է, որ պատժամիջոցները պետք է սահմանվեն մինչեւ հակամարտության մեկնարկը, այլապես դրանք անիմաստ են դառնում։