Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշը 2020-ին կազմել է 4012 դոլար։ Հետխորհրդային երկրների շարքում այդ ցուցանիշով առաջատարը Էստոնիան է՝ 19736 դոլար։
ՄԱԿ-ի գնահատականներով՝ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը` 1990-ին, համաշխարհային ՀՆԱ-ում ԽՍՀՄ մասնաբաժինը կազմում էր 4,6%։ Ներկայում նախկին ԽՍՀՄ 15 հանրապետությունների համախառն ՀՆԱ-ի մասնաբաժինը կազմում է շուրջ 2,6%: Արժույթի միջազգային հիմնադրամը նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների ՀՆԱ–ի մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում ավելի բարձր է գնահատում՝ 4,7 % (որից 3%-ը Ռուսաստանի մասնաբաժինն է):
Հետխորհրդային երկրների մեծ մասի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 1996-1999 թվականներին նվազել է, 2009-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամի պատճառով համաժամանակյա անկում կամ դանդաղում է գրանցել, իսկ 2015-2016 թվականներին նվազել է տարածաշրջանի նավթ արդյունահանող երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Բելառուս) ՀՆԱ-ն։
Այդ ընթացքում Ղազախստանն ու Ադրբեջանը լողացող ազգային արժույթի քաղաքականություն են որդեգրել, ինչի հետեւանքով ազգային արժույթներն արժեզրկվել են։
Վերջին գլոբալ անկումը գրանցվել է արդեն 2020-ին` կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
Համաշխարհային բանկի տվյալներով` այս պահի դրությամբ Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով նախկին ԽՍՀՄ երկրների շարքում առաջատարներ են:
Հարավային Կովկասի երկրներում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշը հետեւյալն է. Ադրբեջան` 5073 ԱՄՆ դոլար, Վրաստան` 4487 ԱՄՆ դոլար, Հայաստան` 4012 ԱՄՆ դոլար։
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) որոշակի ժամանակահատվածում, որպես կանոն մեկ տարում, տվյալ երկրի տարածքում արտադրված վերջնական ապրանքների եւ ծառայությունների դրամական կամ շուկայական արժեքների հանրագումարն է: