Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները ԵՄ երկրների միջեւ տարաձայնությունների պատճառով ի վիճակի չեղան Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի շուրջն ամփոփիչ հայտարարություն ընդունելու եւ այդ հարցին կվերադառնան հաջորդ գագաթնաժողովին:
Եվրամիության անդամ երկրների միջեւ լուրջ տարաձայնություններ են ծագել, մասնավորապես ատոմային էներգետիկայի պատճառով. կարելի՞ է արդյոք այն մաքուր համարել, թե՞ ոչ:
Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը բռնկվեց, երբ աշնանը գազի կանխիկ գները սկսեցին սրընթաց աճել՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց հազար դոլարը: Գները գազի պահեստարանների ցածր լցվածության պայմաններում հետագայում հասան հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 2 հազար դոլարի:
Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովն ամփոփող մամուլի ասուլիսում Միշելը հավելել է, որ էներգետիկ ճգնաժամը շատ լուրջ եւ կարեւոր հարց է, որի լուծմանը հանձնառու են ԵՄ երկրների բոլոր ղեկավարները, սակայն հասկանալի դարձավ, որ այս պահին նրանք չեն կարող համաձայնության հասնել: