Այս օրերին ավելի ու ավելի հաճախ է խոսվում Փաշինյանին եւ նրա ղեկավարած քաղաքական ուժն իշխանությունից հեռացնելու անհրաժեշտության մասին։ Խոսողները, սակայն, չունեն պատասխանն ամենակարեւոր հարցի. «Ո՞վ կհեռացնի Փաշինյանին իշխանությունից»։
Դա կարող էր լինել ինքը՝ Փաշինյանը, բայց ինքնամերժումը բացառված է, քանի որ քաղաքական ինքնություն չկա։ Մարդն՝ ինքնուս նկարչի հանգույն, բոլոր -իզմերը մերժել է… Մնացել է միայն գավառական կրետինիզմը, որն ինքնին ժխտում է հրաժարումի որեւէ հնարավորություն։
Իշխանությունից նրան հեռացնելու համար բավարար չէ նույնիսկ հարեւան պետությունների ղեկավարների քաղաքական ամբարտավանությունը։ Մարդը, եթե չի գիտակցում իր ինքնությունը, չի կարող թիրախ լինել։
Որսորդն, օրինակ, թիրախավորում է համով միսը, թանկ կաշին, փափուկ մորթին, անգամ կոշտ սմբակները։ Եթե կենդանին գաստրոնոմիական կամ ուտիլիտար այլ արժեք չունի, ո՞ւմ է պետք։ Իսկ սանիտարական որսի համար աշխարհում նախադրյալներ չկան։
Քննարկելի չէ նաեւ արդի (առկա) ընդդիմության գործոնը։ Նրան(ց) հենց այդպիսի մեկն է պետք՝ մեջքով նստելու, մեղադրանքից խուսափելու, ծեծել-ծեծվելու, ուշադրություն շորթելու, մի խոսքով՝ ինքնահաստատվելու համար։
Երբ անցած մայիսին նրանք (Քոչարյանն ու Սարգսյանը) մերժում էին առաջին նախագահի «համընդհանուր ինքնամեկուսացման» նախընտրական առաջարկը, հե՛նց պատճառ ու պատրվակ ունեին պատմության խորդանոցում իրենց անհետանալու հեռանկարը։
Ըստ նրանց՝ ո՞վ, եթե ոչ Փաշինյանը պետք է ավարտին հասցնի Հայաստանի եւ Արցախի ինքնաոչնչացումը։ Իրենց դա ժամանակին չէր հաջողվել։ Հիմա ըմբոշխնում են անկման կուլմինացիան։
Ի հեճուկս նրանց՝ դեռ կան մարդիկ (խմբեր), որոնք տարաբախտ այս տարածքում շարունակում են տեսնել ժողովրդավարություն, արդարության հաստատման ջանք, կոռուպցիայի դեմ պայքարելու ձգտում։ Նրանք հավատում են, որ վիշապին սպանողը վիշապի լեշից թանկ է, եւ որ նա դեռ (պատրաստի վիշապացու) անելիք ունի մարդուն երջանակացնելու գործում։
Այո… 1 + 1 + 1 + 1 …
Այս «հավատացյալներն» են հեռացնելու նրան եւ ոչ թե այն պահին, երբ զգան, որ խաբված են, այլ երբ պատրանքները մարսած լինեն։ Նրանց վաղը չեն զարմացնելու ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ ազատ ընտրությունները, ո՛չ հարկայինի տեսուչների ժուժկալությունը… Սովորական առօրյայում նրանք փոփոխություն են տենչալու, ինչպես յուրաքանչյուր բանական արարած։
Ի՞նչ մնացած կլինի Հայաստանից այդ պահին, դժվար է կռահել, բայց ես լավատես եմ, չեմ կորցնում հույսս։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։