Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացումը եւ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։
Հանդիպմանը շոշափվել է փոխվարչապետների մակարդակով ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ հանձնաժողովի գործունեությունը, քննարկվել են հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցեր:
Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Ընդգծվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման փաստը, հատկապես նշվել է ապրանքաշրջանառության աճը:
Օվերչուկը Բաքվում է «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորագրով խորհրդաժողովի շրջանակում։ Խորհրդաժողովում երեկ Օվերչուկը շեշտել է, թե տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համատեքստում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում եզակի հնարավորություն է ստեղծվում։