Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսել՝ իրենց բնորոշմամբ՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար։ Երեկ ուշ երեկոյան նրանք վարչապետի հետ շուրջ երկու ժամ հանդիպում են ունեցել։
Հանդիպումից հետո խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե 2018-ի Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը գլխավորած Մարությանը մեկ տարի առաջ լքել է կուսակցությունը:
«Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է, որ կուսակցության եւ ավագանու իշխող խմբակցության հետ որեւէ քաղաքական պատասխանատվություն չի կիսում»,- նշված է հայտարարությունում: Որպես պատճառ նշվել են նաեւ Մարությանի գործունեության անարդյունավետությունը, եւ որ գործող քաղաքապետը բավարար չափով չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը։
Հայտարարությունը եզրափակվել է «Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար եւ հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում» տողերով։ Մարությանին մեղադրել են նաեւ Քոչարյանի հետ գաղտնի հանդիպում ունենալու եւ այլ՝ կուսակցության շահերից չբխող արարքների համար: Երեւանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Որեւէ կուսակցության հետ համագործակցելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ մտադրություն
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 17-ի առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է երեւանցիներին՝ որ նրանց «չփորձեն մոլորեցնել»: Մարությանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեւէ որեւէ պայմաններում չի հանդիպել, անգամ պատահաբար: Նա ընդգծել է, որ որեւէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն եւ մտադրություն չունի:
Ըստ մամուլի՝ Մարությանը բանակցություններ է վարում Երեւանի ավագանու անդամների հետ: Նշվել է, որ եթե Երեւանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տապալվի, այդ դեպքում ավագանին, ըստ օրենքի, մեկ տարի կզրկվի նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից:
Երեւանի ավագանու ԼՀԿ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտնել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստում որոշվել է չմիանալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: