1881 թվականին Օսմանյան կայսրությունում հետապնդվում, ապա բանտարկվում է հայ երաժիշտ, երաժշտության տեսաբան եւ պատմաբան, մանկավարժ եւ տպագրիչ Եղիա Տնտեսյանը: Ձերբակալվելուց մի քանի ամիս հետո նա մահանում է բանտում՝ դառնալով ռուս-թուրքական պատերազմից հետո երկրում ծայր առած համիդյան գրաքննության առաջին զոհերից:
Տնտեսյանը բանտարկվում է «Նոր երգարան հայոց» ժողովածուն կազմելու եւ հրատարակելու համար: 1880 թվականին տպագրած այդ երգարանում նա ներառել էր ազատատենչ երգեր ու բանաստեղծություններ, ինչպես Միքայել Նալբանդյանի «Ազատություն»-ը, ֆրանսիական «Մարսելյեզ»-ի հայերեն թարգմանությունը, «Արաքսի արտասուքը», ողբի, հայրենասիրության, պանդխտության, պայքարի եւ այլ թեմաներով գրված ստեղծագործություններ, որոնց մի մասը «ռուսական Հայաստանի եղբարց երգեր»-ն էին:
Եղիա Տնտեսյանը հասցրել էր անգերազանցելի ավանդ թողնել հայ երաժշտագիտության մեջ, հատկապես հայ խազագիտության բնագավառում, մասնակցել ազգային հոգեւոր երաժշտության վերաձայնագրման եւ կարգավորման աշխատանքներին: Երաժշտագետների կողմից նա համեմատվել է նոր հայկական նոտագրության հիմնադիր Համբարձում Լիմոնջյանի՝ Պապա Համբարձումի հետ, որի գործի շարունակողն է համարվում:
Տնտեսյանը տպագրել է երաժշտագիտական մի շարք գրքեր, հիմնել եւ խմբագրել երաժշտական ուղղություն ունեցող «Նուագք Հայկականք» (1879) պարբերականը. ըստ որոշ տեղեկությունների՝ նրա ձերբակալության մեջ դեր է ունեցել նաեւ այս պարբերականի հրատարակումը, որը հայկական երգերի հետ նաեւ լուսավորյալ գաղափարներ էր տարածում: Երբ երկրում հաստատվում է Ազգային Սահմանադրությունը, պոլսահայերի շրջանում երկու հոսանք է առաջանում՝ խավարյալների եւ լուսավորյալների: Վերջին հոսանքը կազմավորում է «Անձնվեր ընկերություն» միությունը, որի կազմակերպիչներից էր Տնտեսյանը: 1862-ին նա մեկ տարով մեկնում է Կիլիկիա, Պոլիս վերադառնալով՝ անդամակցում երաժշտական հանձնաժողովին, որը նպատակ ուներ բարեկարգելու եւ վավերացնելու ժամերգությունների ընթացքում կատարված շարականների եղանակները:
Կողմնակից լինելով եվրոպական ձայնագրության տարածմանը՝ Եղիա Տնտեսյանը 1864-ին լույս է ընծայում «Բովանդակութիւն նուագաց եղանակաց Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ ըստ ութն ձայնից» գրքույկը՝ եվրոպական խազերով։ 1872-ին նա հիմնում է սեփական տպարանը, որտեղ տպագրում է բազմաթիվ արժեքավոր գրքեր, հատկապես Գարեգին Սրվանձտյանցի, Հակոբ Պարոնյանի եւ այլ հեղինակների գործերից: 1869-1871 թվականներին Եղիա Տնտեսյանը «Համբարձումյան» նոտագրությամբ գրառել է Շարակնոցն ամբողջությամբ, կազմել հայկական նոտագրության համառոտ ձեռնարկ՝ «Տարերք երաժշտության», որ լույս է տեսել նրա մահից շատ տարիներ հետո՝ 1933-ին, Պոլսում։
Թուրքական համալսարանում կուսումնասիրեն
Վերջերս Թուրքիայում Եղիա Տնտեսյանի այդ գիրքը՝ «Տարերք երաժշտության»-ը, հայերենից թուրքերեն է թարգմանվել եւ իբրեւ օժանդակ ձեռնարկ ներդրվել Ստամբուլի Medeniyet համալսարանում: Այս տեղեկությունը հաղորդում է համալսարանի կայքը: Նախաձեռնության հեղինակը նշված համալսարանի գեղարվեստի, ծրագրավորման եւ ճարտարապետական ֆակուլտետի թուրքական երաժշտության բաժնի դասախոս դոկտոր Սամի Դուրալն է, որ հայ երաժշտագետի կոթողային այս գործի թուրքերեն թարգմանությունն իրականացրել է իր գործընկերների՝ նույն ֆակուլտետի դասախոսներ Սեմիհ Էոզդեմիրի եւ Էրդալ Քըլըչի հետ:
Նրանք երեքն էլ ազգությամբ հայեր չեն: Էրդալ Քըլըչը հայերեն է սովորել Ստամբուլի Կենտրոնական ազգային վարժարանում աշխատած տարիներին (այստեղ էլ առաջին անգամ լսել է Տնտեսյանի մասին) եւ այնքան կատարելագործել իր հայերենը, որ կազմել է նաեւ արեւմտահայերեն սովորելու մեթոդի մասին թուրքերենով եւ անգլերենով ձեռնարկներ: Հայերենի իր իմացությամբ էլ նա թուրքերեն է թարգմանել Եղիա Տնտեսյանի՝ մասնագիտական բարդ հայերենով գրված գիրքը. թուրքերեն տարբերակում զետեղված է նաեւ գրքի հայերեն բնօրինակը, կցված են հավելվածներ, ծանոթագրություններ, Տնտեսյանի կենսագրականը:
Ինչպես տեղեկանում ենք Medeniyet համալսարանի կայքից, գրքում Համբարձումյանի ստեղծած եւ Տնտեսյանի կողմից մեկնաբանված հայկական նոտագրության համակարգը մեծ նշանակություն է ունեցել նաեւ թուրքական դասական երաժշտության ձայնագրման եւ տարածման մեջ մինչեւ արեւմտյան նոտագրության կիրառումը: Թուրք երիտասարդ մասնագետները կարծում են, որ թուրքական երաժշտության մասին իրենց համալսարանական դասընթացը կիսատ կլիներ առանց երաժշտագիտության մեջ հեղափոխական քայլեր կատարած երկու հայերի՝ Եղիա Տնտեսյանի եւ Համբարձում Լիմոնջյանի գործի դասավանդման. վերջինս նաեւ Օսմանյան կայսրության երաժշտական արխիվի հիմնադիրն է եղել: 1813 թվականին աշխարհին հայտնի է դարձել Օսմանյան կայսրությունում ապրող մի հայի՝ Համբարձում Լիմոնջյանի ստեղծած «Լիմոնջյան համակարգը» (կամ «Համբարձումյան» նոտագրությունը), որն ունի յոթ հնչյուն եւ զուրկ է հնգագծից:
Թուրքերեն թարգմանված գրքում տեղ են գտել նաեւ «Լիմոնջյան» համակարգի եւ արեւմտյան նոտագրության տարբերության մասին տեղեկություններ, ընդգծվել «Լիմոնջյան» համակարգի առավելությունները հնչյունները գրի առնելու գործում:
Խորհրդային Հայաստանում եւ հետո
Օսմանյան կայսրությունում նշանակալի ներդրում ունեցած, իսկ այսօր էլ իր գործով թուրք ժամանակակից երաժիշտ-դասախոսների համար ուղենիշ ծառայող Եղիա Տնտեսյանի գործը Խորհրդային Հայաստանում գրեթե չի ուսումնասիրվել, թեեւ անդրադարձներ եղել են:
Երաժիշտ, Չեխիայի Կարլ համալսարանի դասախոս դոկտոր Հայկ Իւթիւճեանը դրա մասին «Ալիք Մեդիա»-ին ասում է. «Այն, որ կովկասյան երաժշտագիտությունն անբավարար կերպով է գնահատել եւ ուսումնասիրել Տնտեսյանի վաստակը, զանազան պատճառներ ունի:
Նախ՝ հիշենք, որ Տնտեսյանի Շարակնոցը հրատարակվեց շատ ուշ՝ հետմահու՝ 1934-ին, եւ Հայաստան եզակի օրինակներ հասան: Մինչ այդ արդեն մեկ այլ երաժշտի՝ Տնտեսյանի մրցակից Նիկողոս Թաշչյանի խմբագրած Շարակնոցը պաշտոնականացված էր Հայաստանում, սխալ հասկացողության պատճառով նրանում ներառված եղանակները «էջմիածնական» էին նկատվել (մինչդեռ դրանք նույնպես հիմնականում պոլսական են):
Երրորդ՝ նրա խազաբանական աշխատանքներն աներեւակայելի կերպով թերագնահատված են խորհրդային սերնդի ներկայացուցիչների կողմից, նրա զանազան աշխատություններ, ցիր ու ցան եղած լինելով, իբրև ամբողջական մարմին անմատչելի մնացին հայրենի մասնագետներին: Մինչդեռ Տնտեսյանը հանճարեղ երաժշտագետ եւ խազագետ է: Իբրև երաժշտագետի ես նրան ավելի բարձր եմ դասում, քան նույնիսկ Կոմիտաս վարդապետին։ Ոչ թե Կոմիտասին եմ թերագնահատում, այլ որովհետեւ Տնտեսյանի ստեղծած հետազոտական ուղիները իսկապես մինչեւ այսօր պահում են իրենց արժեքը, նրանք գերազանցված չեն եւ ժամանակակից հետազոտողների համար նույնպես ուսանելի եւ անսպառ ներշնչման աղբյուր են մնում, կարող են նոր ուղիներ բացել նոր սերնդի համար»:
Հայկ Իւթիւճեանը տարիներ առաջ դոկտորականի թեմա է ընտրել «Հայոց Շարականոցի երաժշտությունը. Տնտեսյանի ավանդը» եւ հաջողությամբ պաշտպանել եվրոպական լավագույն համալսարաններից մեկում: Նա Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում ժամերգությունների ընթացքում հաճախ է ներկայացնում Տնտեսյանի մշակած եղանակները, պոլսահայ երաժշտի մասին դասախոսություններով հանդես գալիս եվրոպական զանազան կենտրոններում:
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է, որ Տնտեսյանն, այո՛, թե՛ խորհրդային տարիներին, թե՛ հիմա Հայաստանում համարժեք գնահատականի չի արժանացել:
«Առհասարակ, խորհրդային իրականության մեջ եկեղեցու հետ կապված մարդիկ վերապահումով են ընդունվել կամ միակողմանի են ներկայացվել: Տոտալիտար գաղափարախոսությունն արգելում էր նրանց օբյեկտիվ գնահատել, վերապահումներ կային եկեղեցական երաժշտության հանդեպ: Բայց անդրադարձներ եղել են, շատ նշանավոր երկու-երեք մասնագետներ անդրադարձել են Տնտեսյանին՝ Աթայանը, Թահմիզյանը։ Եւ երբ Թահմիզյանը 1990-ականներին ԱՄՆ գնաց, այնտեղ շարունակեց Տնտեսյանին նվիրված իր ուսումնասիրությունները:
Խորհրդային տարիներին Տնտեսյանի նման գործիչներին չանդրադառնալու պատճառներից մեկն էլ միջոցների եւ հնարավորության հարցն էր, դժվար էր մեկնել Պոլիս, հենց տեղում ուսումնասիրել, սփյուռքի հետ կապեր գտնել։ Նոր սերունդը, այո՛, լավ չգիտի նրան, եւ պատճառներից մեկն էլ դա է, բայց ասեմ նաեւ, որ հետխորհրդային լավ երիտասարդ երաժշտագետներ ունենք, որ իրենց ուսումնասիրություններում անդրադառնում են Տնտեսյանին, ուսումնասիրում են նրա ութձայնային համակարգը:
Երաժշտական միջնադարագիտությունը չի կարող շրջանցել Եղիա Տնտեսյանի աշխատությունները, բայց ինչպես յուրաքանչյուր մեծության դեպքում, այս դեպքում էլ ամեն սերունդ իր բացահայտելիքն ունի: Ես ինքս բնականաբար շատ բարձր եմ գնահատում Տնտեսյանի գործը: Եվ ոչ միայն ես, բոլոր երաժշտագետներն են նրա գործը բարձր գնահատում, Պոլսո տեսական եւ կոմպոզիտորական դպրոցը մեր երաժշտական հիմքերից մեկն է, այնտեղ կային Գրիգոր Գապասակալյան, Տնտեսյան, Թաշչյան, սրանք իրապես մեծագույն դեմքեր են եղել: Եվ քանի որ Պոլսում ամենաշատն է վտանգված եղել մեր մաքուր եկեղեցական երգեցողությունը, նրանք առաքելությամբ էին այնտեղ ապրում եւ գործում: Եթե չլինեին Լիմոնջյանը, Տնտեսյանը, Կոմիտասի աշխատություններն էլ թերի կլինեին: Կոմիտասը մեծապես հենվել է պոլսահայ տեսաբանների վրա»,- ասում է Լուսինե Սահակյանը:
Ո՛չ միայն Տնտեսյանը գնահատված չէ հայ իրականության մեջ, Համբարձում Լիմոնջյանի մասին էլ մեր մյուս զրուցակիցը՝ Հայկ Իւթիւճյանն այն կարծիքին է, որ թուրքերն ավելի շատ են գնահատում եւ տեղ տալիս, քան հայերը:
Եթե Լիմոնջյանին Թուրքիայում հաճախ են թարգմանում, Տնտեսյանի՝ Անկարայում լույս տեսած «Տարերք երաժշտության» գիրքը նրա գործերի թուրքերեն առաջին թարգմանությունն է: Թուրք երիտասարդ երաժիշտների հետաքրքրությունը ողջունում է Հայկ Իւթիւճեանը. «Տնտեսյանի այս դասագիրքը կարեւոր է ոչ միայն հայերիս համար, այլեւ թուրքերի, քանի որ նպատակ ունի ուսուցանելու «Լիմոնջյան» ձայնագրության տարրերը, որոնցով ոչ միայն հայկական եկեղեցական երաժշտություն, այլեւ օսմանյան դասական նվագարանային երաժշտություն է գրի առնվել եւ փրկվել կորստից»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է Կարլ համալսարանի հայազգի դասախոսը:
Իսկ 1880-ին լույս տեսած երգարանի օրինակները, որը Տնտեսյանի մահվան պատճառ է դարձել, նրա հարազատներն այրել են՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Փրկվել են եզակի օրինակներ, որոնցից մեկն էլ Հայաստանի ազգային գրադարանում է: Թվային տարբերակը՝ այստեղ:
Նյութի աղբյուրներ՝ Թեոդիկ «Տիպ ու տառ», «Հայ գիրք» շտեմարան, Medeniyet համալսարանի կայք
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։