7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը դռնփակ նիստում 12 կողմ, 3 անվավեր, 5 դեմ ձայներով ընտրվել է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր։ Հովհաննիսյանը 2018-2019-ին կրթության եւ գիտության փոխնախարարն էր։
Երեւանի պետական համալսարանն արդեն երկու տարի ռեկտոր չուներ։ 13 տարի շարունակ այդ պաշտոնը զբաղեցրած Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո նոր նշանակում չի եղել։ Պաշտոնի բոլոր հնարավոր թեկնածությունները կոշտ քննադատության են ենթարկվել։
Մասնագիտությամբ աստվածաբան Հովհաննիսյանը օգոստոսի 5-ին նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Ակադեմիական շրջանակներն այդ որոշումն անընդունելի են համարել՝ շեշտելով, որ Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է, եւ դա կնպաստի բուհի առավել քաղաքականացմանը։ Բացի դրանից՝ Հովհաննիսյանը դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի կոչում չունի:
Այսօր առավոտյան ԵՊՀ ուսանողները բողոքի ցույց են արել բուհի շենքում՝ «Ոչ ԵՊՀ-ի քպացմանը», «Բուհերի քաղաքականությունը պոզով-պոչո՞վ ա լինում», «ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակը չի», «Ձեռքերդ հեռու ԵՊՀ-ից» գրությամբ պաստառներով։
Հավելենք, որ նոյեմբերի 6-ին համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ պաշտպանության նախարար, ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը, որն այն ժամանակ ՀՀ փոխվարչապետն էր։