ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հանդիպման ժամանակ Ռուսաստանը պաշտոնապես ԱՄՆ-ին է փոխանցել երկու փաստաթուղթ` պայմանագիր եւ համաձայնագիր: Առաջարկվող փաստաթղթերը ներառում են անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի գաղափարները։
Կրեմլում հայտարարել են, որ ՌԴ-ն պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսելու այդ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ-ն այսօր հրապարակել է անվտանգության երաշխիքների մասին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի պայմանագրերի նախագծերը։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Ռուսաստանը երաշխիքների իր նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին առաջարկում է հարաբերություններ սկսել մաքուր էջից` «որպես ապագա պայմանավորվածության ոչ թե հենակետ, այլ հարթակ եւ բազա ընդունելով այն, ինչը մենք գրել ենք թղթի վրա, փոխանցել, եւ այսօր հրապարակվել է»։
Ռազմական գործողություն չիրականացնելու երաշխիք
Ռուսաստանն առաջարկել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ՌԴ-ի եւ ՌԴ-ի հետ ռազմական դաշինք կնքած երկրների սահմաններին զորավարժություններ անցկացնեն միայն որոշակի՝ համաձայնեցված տարածքում։ ՆԱՏՕ-ն պետք է երաշխավորի, որ ռազմական գործողություն չի իրականացնի Ուկրաինայի, Արեւելյան Եվրոպայի, Անդրկովկասի եւ Միջին Ասիայի երկրների տարածքում։
Պայմանագրի նախագծի 4-րդ հուդվածում նշված է, որ ԱՄՆ-ը պարտավորություններ է ստանձնում բացառել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հետագա ընդլայնումն արեւելյան ուղղությամբ, հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում էին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմի մեջ:
Մոսկվան համարում է, որ անհրաժեշտ է պաշտոնապես հրաժարվել 2008-ին ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովի որոշումից, ըստ որի՝ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Որոշումը հակասում է ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների առաջնորդների պարտավորություններին, ըստ որոնց` չպետք է ամրապնդել սեփական անվտանգությունը մյուսների անվտանգության հաշվին։
Եթե չարձագանքեն, առճակատման նոր առիթ կդառնա
Ռյաբկովն ավելի վաղ հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը չարձագանքեն անվտանգության երաշխիքների մասին ՌԴ պահանջներին, դա կարող է առճակատման նոր առիթ դառնալ։
Դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ցանկացած առաջխաղացումը եւ սահմանակից պետություններում, նախեւառաջ Ուկրաինայում Ռուսաստանին սպառնացող սպառազինության տեղակայումը բացառող միջազգային եւ իրավական հստակ պայմանավորվածությունների մշակման նպատակով բանակցություններն անհապաղ սկսելու անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտարարել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։