Դեկտեմբերի 20-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը սիգի որսն ու վաճառքը կբացառվեն: Այդ նպատակով հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սեւանա լճում ու Հայաստանի ամբողջ տարածքում: Կարգելվի բոլոր տեսակի որսագործիքների ու լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ:
Այս մասին դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցել են ոչ միայն նախարարության ու դրա ստորաբաժանումների, այլեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ու Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Հսկողության խստացման որոշումը պայմանավորված է սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով: Այս նպատակով համատեղ միջոցառումներ կձեռնարկվեն: Փոխգործակցության շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչներն իրականացնելու են հանդիպումներ Սեւանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների եւ քաղաքացիների հետ: Նրանք բացատրական աշխատանք են տանելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ:
Ոստիկանության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի եւ Վայոց ձորի մարզային վարչության բաժինների ծառայողները շուրջօրյա խիստ հսկողություն կսահմանեն լիճը գոտեւորող բոլոր ճանապարհների վրա: «Սևան» ազգային պարկի (ԱՊ) տարածքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն։ Տարածքից դուրս կբերվեն լողամիջոցները, որսագործիքներն ու ձկնորսների ժամանակավոր կացարանները:
Նախատեսվում են նաեւ ստուգայցեր Երեւանի ու մարզերի շուկաներ։
Նախարար Հակոբ Սիմիդյանը կարեւորել է միջոցառման բոլոր կետերի արդյունավետ կատարումը, դրանց հաջորդականության ու շարունակականության պատշաճ ապահովումը՝ քաղաքացիներին հորդորելով չընդդիմանալ վերահսկողական միջոցառումների իրականացմանը:
«Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ նման կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից»,- նշել է նախարարը։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։