ԵՄ 27 երկրների ղեկավարները բրյուսելյան գագաթնաժողովում միաձայն որոշում են ընդունել վեց ամսով երկարաձգելու Ռուսաստանի դեմ տնտեսական հատվածային պատժամիջոցները։ ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է արել կատարելու գործարքի իր մասը եւ Մինսկի պայմանավորվածությունները։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան Ռուսաստանի համար լայնածավալ հետեւանքներ եւ բարձր գին կունենա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բրյուսելում համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ-ին զգուշացրել են, որ Եվրամիությունը ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետ խիստ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե ռուսական զորքերը ներխուժեն Ուկրաինա։
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, թե շատ կարեւոր է, որ Եվրոպայում սահմաններ չփոխվեն։ Նա շեշտել է, որ անվտանգությունը բոլորի համար է, եւ դրան կարելի է հասնել հարգելով Եվրոպայում համընդհանուր անվտանգության սկզբունքները։
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կարեւոր քննարկում են ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ եւ հստակորեն հաստատել հանձնառությունը նորմանդական ձեւաչափին ու Ռուսաստանի հետ բանակցությունները վերականգնելու պատրաստակամությունը։ «Դրա մասին մի քանի օր առաջ ես խոսել եմ նախագահ Պուտինի հետ»,- նշել է Էմանուել Մակրոնը:
«Նորմանդական քառյակում» ընդգրկված են Ուկրաինան, Ռուսաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան։
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2014-ին՝ Ղրիմի վերաբերյալ, որոնք քանիցս ընդլայնվել ու երկարացվել են։
Կասեցվել են առանց վիզայի ռեժիմի եւ համագործակցության նոր հիմնական համաձայնագրի շուրջ բանակցությունները, արգելվել է Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրներ, սառեցվել են նրանց ակտիվները։
Սահմանափակումները նաեւ առեւտրային, ֆինանսական եւ ռազմական բնույթի են։
Ռուսաստանն իր հերթին արգելք է դրել ԵՄ երկրներից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա։