ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին եւ նրանց գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը Թիերի Ռիբոն ներկայացրել է սահմանամերձ մարզերի համայնքներում (գլխավորապես՝ Տավուշում) ռազմական գործողությունների ժամանակ բնակչության քաղաքացիական պաշտպանության, բնական աղետների դեպքում քաղաքացիների պաշտպանության եւ մարդասիրական օգնության տրամադրման պլանավորման ծրագրերը:
Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն անդրադարձել է փրկարարական ծառայության կարողությունների զարգացման, համայնքների կարիքների գնահատման եւ աջակցության ուղղությամբ իրականացված ծրագրերին:
Քննարկվել են համագործակցության ուղղությունները։ Կողմերը երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել: