Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը՝ հանձին նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, խոստացել է մինչեւ տարեվերջ ատոմն ու բնական գազը էներգիայի ստացման՝ ցածր էմիսիոն արտանետումերով էկոլոգիապես մաքուր աղբյուրներ ճանաչել:
Մինչ օրս էներգիայի ստացման էկոլոգիապես մաքուր աղբյուրներ կամ վերականգնվող (կանաչ) է համարվում մարդկային մասշտաբներով անսպառ կամ բնական ճանապարհով լրացվող աղբյուրներից (արեւի լույսից, ջրային հոսանքներից, քամուց, մակընթացություններից) ստացվող էներգիան: Այդպիսի էներգիայի օգտագործման հիմնական սկզբունքն այն է, որ դուրս մղվելով շրջակա միջավայրի գործընթացներից՝ այն տեխնիկական կիրառում է ստանում։
Դեռեւս այս տարվա փետրվարին ֆինանսական շուկաների վրա կլիմայի փոփոխությունների ազդեցությունն ուսումնասիրող բրիտանական Carbon Tracker վերլուծական կենտրոնը հրապարակել է էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու դեպքում համաշխարհային տնտեսության վրա ֆինանսական հետեւանքների հաշվետվությունը:
Ըստ Carbon Tracker-ի հետազոտության՝ էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու դեպքում որոշ երկրներ կզրկվեն պետական բյուջեի դրամական մուտքերի 40%-ից:
Նույն այդ ժամանակ ամերիկյան Էմփայր Սթեյթ Բիլդինգի եւ Նյու Յորքի բազմաթիվ շենք-շինությունների սեփականատեր The Empire State Realty Trust (ESRT) ընկերությունը հայտարարել էր, թե ամբողջովին անցնում է էներգիայի վերականգնվող աղբյուրների: Ընդլայնելով էներգիայի վերականգնվող աղբյուրների հանդեպ իր պարտավորությունները՝ ESRT-ն խոստացել է խուսափել այնքան ածխաթթու գազի թողարկումից, որքան մեկ տարում մթնոլորտ են արտանետում Նյու Յորքի բոլոր տաքսիները։