1995 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում անցկացվեց զորահանդես, որին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր։ «Բեմահարթակին» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էր, Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Հաղթանակի խորհրդանշանը նրանք էին։ Դա՝ պաշտոնապես։
Իրականության մեջ ռազմական հաջողությունը «հազար» տեր ուներ։ Մեկ տարի անց Ստեփանակերտում բացվեց Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձանը։ Չգիտեմ՝ ով էր որոշել, բայց հանդիսավոր միջոցառման բացման խոսքի «բացառիկ պատիվը» վերապահվել էր տողերիս հեղինակին, որ բանակային «Մարտիկ» թերթի խմբագիրն էր։ Բացմանը ներկա չէր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իշխանությունը «գործուղել էր» վարչապետ Լեոնարդ Պետրոսյանին։ Մասնակցում էր նաեւ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը։ Համեստ արարողություն էր։
Մի քանի օր առաջ լսեցի Ժիրայր Սեֆիլյանին։ Ասում էր, որ Բեկորին «սպանել են»։ Այլ անուններ էլ էր տալիս՝ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյան, Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյան․․․
Բլոգեր Ռոման Բաղդասարյանի մի «լայվն» արժանացել է Արցախի ԱԱԾ-ի ուշադրությանը։ Ժիրայր Սեֆիլյանի «բացահայտումների» մասով՝ ոչ մի արձագանք։ Ինչո՞ւ։ Մարդն ասում է, որ Արցախի Գերագույն խորհրդի նախագահը ոչ թե ինքնասպան է եղել, այլ «նրան օգնել են»։ Ասում է, որ Արցախի հերոս Բեկորին «խփել են թիկունքից», Նորայր Դանիելյանին՝ սպանել Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի վրա, իսկ Արցախի պատկան մարմինները՝ ԱԱԾ-ն, դատախազությունը, ՆԳՆ-ն չնկատելու են տալիս։
Անցյալը փորփրելուն ես դեմ եմ։ Անցած ամեն օրվա հետ մարդ պիտի հաշիվները փակի եւ մտասեւեռվի անելիքների վրա։ Կորցրած ոչ մի հնարավորություն երբեք չի վերադառնում։ Բայց դրանից ինքնին չի հետեւում, թե կարելի է, պետք է հաշտվել խեղաթյուրումների հետ, երբ «սարաֆանային փոստը» հավակնում է հանրային կարծիք ձեւավորել, երբ պատմական, էպոխային աղետը դառնում է էժանագին շահարկումների թեմա։ Այդպես չի կարելի։ Այդպես արժեզրկվում է թե՛ լուսավոր, թե՛ մութ ամեն ինչ։
Եվ երկրի վարչապետը հենց այդ դեգրադացիայի «զինանոցով» է հայտարարում, որ ԼՂ հարցում Հայաստանը «երբեք դիվանագիտական հաջողություն չի ունեցել»։ Ահա քեզ՝ պետական գործչի մակարդակ։ Առաջին պատերազմի «ֆոլկլորն» ինչ-որ տեղ հասկանալ կարելի է։ Կեսհազարամյա ձախողումներից հետո Արցախ պահել, անվտանգության գոտի ձեւավորել եւ արժանապատիվ հրադադարի հասնել՝ ունիկալ հաջողություն էր։ Եվ, բնականաբար, մենք էլ պիտի ունենայինք մեր «բարոն Մյունհաուզենը» կամ «քաջարի զինվոր Շվեյկը»։ Բայց որ այդ «ֆոլկլորը» դառնա «պատմական իրողություն», այդպես կարող էր լինել միայն գավառամիտ իշխանության օրոք, նրա ցանկությամբ։
1998-2018 թվականների Հայաստանը հենց այդ երկիրն էր։ Եվ շեղված-խեղաթյուրված-նենգափոխված ընթացքն օրինաչափորեն պիտի ծներ նիկոլփաշինյանականություն՝ «զրո կետի» կործանարար «տրամաբանությամբ»։ Իբր՝ «մինչեւ ինձ ոչինչ չի եղել, ես ուզում էի ամեն ինչ ստեղծել, բայց ստացվեց՝ ինչպես հայոց պատմության մեջ»։ Սա է Նիկոլ Փաշինյանի ասածը, որ ավելի վտանգավոր է, քան թուրք-ադրբեջանական, առհասարակ արտաքին ցանկացած էքսպանսիա, որովհետեւ այդ «աղանդավորությունը» մեռցնում է ինքնակազմակերպման ջանքը, մեզ օտարում ազգային ինքնությունից։
Հետեւեք Ազգային ժողովում վարչապետ-ընդդիմություն բանավեճին եւ քաղաքական միտք, քաղաքագիտական որեւէ կոնցեպտ չեք տեսնի։ Նրանք նույն բանն են ասում՝ Հայաստանը չունի ապագա, Արցախը կործանված է։ Դա երկրի դիսկուրս չէ, օտար ազդեցության «շքահանդես է»։
1995-ի մայիսյան զորահանդեսին Հայաստանի նախագահի բացակայությունը դիվանագիտական ուղերձ էր աշխարհին՝ որ կա Լեռնային Ղարաբաղ, ունի բանակ, ռազմաքաղաքական ղեկավարություն։ Այդպես պետք է կերտվեր իրականությունը, որպեսզի դառնար պատմաքաղաքական իրողություն, արժեք, սուբստանցիա՝ եթե կուզեք։ Պատերազմի «ֆոլկլորը» իրականության փոխակերպելու խորհրդանշան էր Բեկորի հուշարձանը։ Նրա հուղարկավորության օրով Ստեփանակերտը մի քանի անդամ օդային հարձակման ենթարկվեց՝ հիշում եմ, բայց թափորից ոչ մեկը չշեղվեց, իր համար ապաստարան չփնտրեց։
2020-ի հոկտեմբերի արդեն առաջին օրերին Ստեփանակերտը գրեթե ամայի էր։ Այդպես էր նաեւ ապրիլյան քառօրյային։ Ինչո՞ւ։ Խեղաթյուրման հետեւանք է։ Նենգափոխման։
Պատերազմի մասին Հրանտ Մաթեւոսյանը, երեւի, ամենաճիշտ բանն է ասել՝ դժվարը քեզ շարքում կանգնելուն պարտադրելն է։ Առաջին պատերազմում մահվան եւ փրկության հեռանկարի դիմաց բոլորը հավասար էին՝ զինվորն ու դաշտային հրամանատարը, ռազմա-քաղաքական ղեկավարությունը եւ գյուղական համայնքի վերջին բնակիչը։ Քառորդ դար անց բոլոր արժեքները խեղաթյուրված էին։
Պատերազմից մեկ տարի հետո ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլեւ օտարումը, խորթացումը խորացել, բացահայտվում են որպես թշնամանք, վրեժխնդրություն, վրիժառության մոլուցք։
Դա ոչ մի աղերս չունի «ճշմարտության բացահայտման» կամ «մեղավորներին պատասխանատվության ենթարկելու» հետ։ Դա ինքնության կորստյան «մերկապար» է, որտեղ իշխանությունը եւ ինստիտուցիոնալ ընդդիմությունը խաղում են օտար սցենարով իրենց վերապահված դերերը։ Հարյուրամյա վաղեմության «բեմագրի» մի արարը դեռեւս չի խաղարկվել՝ «փետրվարյան ապստամբությունը»։ Հոգեւոր Հայաստանը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է նրանից, պետք է ոտքի կանգնի՝ կանխելու ապոկալիպսիսը։
Հայաստանի քաղաքական դասը, ինչպիսին տեսնում ենք Ազգային ժողովում, հայ ինքնության հակոտնյան է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։