«Ուզում ես լինել երջանիկ, եղի’ր բարի»։
Անծանոթ հեղինակ
Երկու օր առաջ մի անծանոթ երիտասարդ ինձ գլխարկ նվիրեց։ Պատմեմ՝ ինչպես եղավ։
Մոտ երկու շաբաթ առաջ գլխարկս՝ իմ սիրելի «ցիլոն», պատահմամբ մոռացել էի ինչ-որ տեղ։ Որոշեցի փնտրել։ Հարցնում էի բոլոր այն տեղերում, որտեղ ես սովորաբար լինում եմ։ Մտա իմ սիրած ճաշարաններից մեկը, որտեղ ինձ բոլորը, որպես մշտական հաճախորդի, ճանաչում են։ Երբ հարցնում էի՝ այնտեղ չի մնացել գլխարկս, մի երիտասարդ տղա լսեց։ Պարզվեց՝ գլխարկս այնտեղ էլ չէր։ Երբ շնորհակալություն էի հայտնում եւ պատրաստվում էի դուրս գալու, այն երիտասարդը մոտեցավ ինձ. «Ես ուզում եմ Ձեզ նվիրել այդ նույն գլխարկից»։ Նրա գլխին ճիշտ իմ կորցրած ցիլինդրի նման գլխարկ էր։
Ես զարմացա եւ, բնականաբար, ասացի, որ դրա կարիքը չկա, որ ես դեռ կգտնեմ։ Բայց նա շարունակեց պնդել։ Առաջարկում էր, որ հենց այդ պահին վերցնեմ իր գլխարկը։ Կտրուկ հրաժարվեցի՝ ասելով՝ ոչ մի դեպքում։ Նա շարունակում էր պնդել եւ ասաց, որ տանը շատ ունի նման «ցիլոներ» եւ անպայման մեկը ուզում է ինձ նվիրել։
Այսպես ծանոթացանք։ Անունը Վարդան է։ Հետո իմացա, որ իրեն կոչում են Վարդերի Վարդան։
Շատ զարմացա, երբ հաջորդ օրն առավոտյան զանգեց եւ առաջարկեց հանդիպել։ Հանդիպեցինք Սարյանի արձանի մոտ։ Նա իր հետ բերել էր տարբեր գույների եւ ձևերի մոտ ութ ցիլոներ։ Դրանցից մեկն ինձ տվեց եւ ասաց՝ կարող եք ընտրել ցանկացածը։
Առաջարկեցի՝ գնանք միասին ճաշելու։ Հրաժարվեց՝ ասելով, թե շատ է զբաղված։ Գլխարկը նվիրեց, ձեռքս սեղմեց ու արագ հեռացավ։ Վարդանը մոտոցիկլով էր։ Մոտոցիկլին նկարված էին գեղեցիկ կարմիր վարդեր, եւ գրված էր՝ «Վարդանի վարդեր»։
Ես զարմացած էի ու հիացած։ Քայլում էի, մտածում նրա մասին, չէի դադարում նրա այդ արարքով հիանալուց։ Սիրտս հիացմունքով էր լցված։ Ուղղակի ապշած էի, որ մեր շրջապատում կան անշահախնդիր՝ ուրախություն պարգեւող մարդիկ։ Այդ օրը ինձ հանդիպած բոլոր մարդկանց պատմում էի հետս պատահածը։
Տուն եկա, սկսեցի փնտրել տեղեկություններ։ Գտա նրա ֆեյսբուքյան էջերը, որտեղ կարդացի այլ մարդկանց արձագանքներ նրա արածների մասին։ Պարզվեց, որ շատ հայտնի է անակնկալ նվերներ տալով։ Հատկապես սիրում է ծաղիկներ նվիրել աղջիկներին։ Հիշեցի Կարա-Բալային։ Մի օգտատեր գրել էր՝ «Դե ինչ, հարգելինե՛րս … այսուհետև ծաղիկ գնելուց հիշե՛ք Վարդանին, որովհետեւ նա ծաղիկ չի վաճառում, նա մեր քաղաքին տալիս է գույներ, իսկ մարդկանց օրը դարձնում է ՏՈՆ»։
Նա ինձ մեկ անգամ եւս հիշեցրեց, որ աշխարհը կառուցված է բարության վրա։ Եվ առանց բարության նրա ընթացքն ուղղակի կանգ կառնի։ Բարությունը առողջության պես է․ չես նկատում, երբ այն ունես։ Այդպես էլ բարի մարդիկ՝ նրանք չեն նկատում իրենց բարի լինելը։ Բարություն են անում եւ դիմացը ոչինչ չեն ակնկալում։
Եթե մեր արած բարության դիմաց ակնկալում ենք փոխադարձ վերաբերմունք, փոխհատուցում, սա դառնում է ոչ թե բարի գործ, այլ առեւտուր՝ «ես քեզ, դու ինձ»։ Բարի մարդն իր բարությունը գերադասում է անել աննկատ։ Նա վարվում է ըստ հայտնի հոգեւոր օրենքի՝ «ճշմարտապես քոնը այն է, ինչ տալիս ես անվերադարձ»։
Կա մի բան, որ ընդհանուր է աշխարհի բոլոր մարդկանց համար։ Բոլորս ուզում ենք, որ մարդիկ մեզ հետ բարի լինեն, վատ չվերաբերվեն մեզ։ Բավական է մեկը մեր հանդեպ մի բարի բան անի, մենք արդեն մեզ մխիթարված ու բավարարված ենք զգում։ Մեզ ուղղված ջերմ, սրտից բխող մի ժպիտն արդեն բավարար է, որ սկսվի դրական փոփոխություն մեր ներաշխարհում։ Բարությունը համընդհանուր կառուցող ուժ է։ Այն աջակցում է ե՛ւ օգնողին, ե՛ւ նրան, ում օգնում են։
Եթե բոլորս մեզ լավ ենք զգում, երբ մեր նկատմամբ բարի են վարվում, ինչո՞ւ մենք եւս չանենք բարի արարքներ։ Ի՞նչն է խանգարում մեզ բարի լինելու։ Իմ կարծիքով մեզ ամենից շատ խանգարում է կորցնելու վախը։ Մենք չենք հավատում, որ նախախնամությունը մեզ համար պատրաստել է լավագույն ճանապարհը եւ հոգ կտանի, որ սոված չմնանք։
Գիտակցենք թե ոչ, մենք վախենում ենք կորցնելուց։ Մեծ հաշվով՝ դա վախ է անորոշությունից։ Այն դրսեւորվում է ամեն ինչ դեպի մեզ քաշելու ներքին մղումով։ Հենց այդ վախն է մեր ժլատության պատճառը։
Իմ կրոնը շատ պարզ է. այն բարությունն է։
Չմոռանանք նաեւ, որ չարության մեջ կա ինքնակործան ուժ։ Չարություն անողը մի օր հանդիպելու է իր գործած չարությանը եւ անմիջականորեն զգալու է դրա հետեւանքները։ Բարություն գործենք, եւ այն կօգնի մեզ հեռու մնալու չարությունից։
Մի կարեւոր հանգամանք եւս՝ բարի լինելը պետք չէ շփոթել «ատամներ չունենալու» հետ։ Բարի մարդը նա է, ով բարություն է գործում ո՛չ պաշտպանվելու անզորությունից դրդված եւ ո՛չ էլ վախից։
Մեծ մարդիկ են ի վիճակի մեծ բարության։
Մարդը իրոք բարի է, եթե ունի իր կայուն դիրքորոշումը բոլոր հարցերում եւ հետեւողականորեն ու արժանապատվորեն կառուցում է իր դավանած արժեքները։
Ավարտեմ մտորումներս ամերիկացի գրող Հենրի Ջեյմսից մեջբերումով՝ «Երեք բաներ են կարեւոր մարդու կյանքում։ Առաջինը՝ լինել բարի։ Հաջորդը՝ լինել բարի։ Եվ երրորդը՝ էլի լինել բարի»։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։