Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նաեւ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում: Ամասիայի ղեկավարումը ստանձնելու համար ընտրապայքարի մեջ էին մտել քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ Ամասիայի համայնքապետի տեղակալ Արթուր Մկրտումյանի գլխավորությամբ, եւ «Ազատություն» ու «Համերաշխություն» արտախորհրդարանական կուսակցությունների համատեղ «Արփի-Ամասիա» դաշինքը, որի թեկնածուն Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն էր:
Ընտրություններն ավարտվեցին, բայց հետընտրական կրքերը հանդարտվելու փոխարեն ավելի թեժացան։ Բանն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ «Արփի-Ամասիա» դաշինքին Ամասիա համայնքի 19 բնակավայրերի ընտրողները գրեթե հավասար ձայներ էին տվել:
ՔՊ-ն ստացել էր քվեների 38,84 տոկոսը՝ 1215 ձայն, «Արփի Ամասիա» դաշինքի օգտին քվեարկել էր ընտրողների 38,27 տոկոսը՝ 1199 ձայն, իսկ ՀՀԿ-ին բաժին էր հասել քվեների 22,89 տոկոսը՝ 717 ձայն։
Արդյունքում վեցական մանդատ բաժին էր հասել առաջատարներին՝ ՔՊ-ին եւ «Արփի-Ամասիա» դաշինքին, երեք մանդատ էլ՝ ՀՀԿ-ին։
Ամասիայում դեռ հարցական էր, թե վերջապես ով է ղեկավարելու խոշորացված համայնքը, «Արփի-Ամասիա» դաշինքը պաշտոնապես հայտարարեց, որ Ամասիա համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած եւ անցողիկ շեմը հաղթահարած «Ամասիա-Արփի» դաշինքը 6 մանդատով եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 3 մանդատով միավորվել են ու միասին ստանձնելու են համայնքի տեղական ինքնակառավարումը՝ Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ։
Մինչ կողմնակիցները շնորհավորում, իսկ քաղաքական հակառակ կողմում գտնվողները դժգոհում էին, կրկին իրավիճակ փոխվեց․ լուրեր տարածվեցին, որ անհայտ պատճառներով «Արփի-Ամասիա» դաշինքը հրաժարվել է ՀՀԿ-ի հետ միավորվելու որոշումից։ Այս անգամ էլ ցանկանում է Ամասիան ղեկավարել՝ ուժերը միավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, բայց պայմանով, որ Ջեմմա Հարությունյանն է ընտրվելու համայնքապետ։ Թե ինչու Ջեմմա Հարությունյանը եւ ոչ թե 16 ձայնի առավելություն ունեցող Մերգել Ղարիբյանը, «Արփի-Ամասիա» դաշինքը օրենքն է մեջբերում՝ եթե մանդատների թիվը հավասար է, առավելությունը տրվում է ավելի բարձր տարիք ունեցողին․ Ջեմմա Հարությունյանը 71 տարեկան է, Մերգել Ղարիբյանը՝ 37։
ՔՊ-ն, սակայն, մերժեց «Արփի Ամասիա» դաշինքի պարզած ձեռքը՝ հրաժարվելով մանդատներից։
Ամասիայում նոր ընտրություններ անցկացնելու մասին խոսակցություններ տարածվեցին, բայց կարճ ժամանակ անց հերքվեց այդ լուրը նույնպես։
Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը «Ալիք Մեդիային» տեղեկացրեց, որ ՔՊ-ի թեկնածուները ինքնաբացարկը ներկայացրել են ըստ կարգի՝ ժամանակի մեջ։ Դեկտեմբերի 16-ին հանձնաժողովը նիստ է արել, որի ժամանակ ՔՊ-ականների գրանցումներն ուժը կորցրած են ճանաչել։
Հանձնաժողովը 9 մանդատ է հանձնել, 6-ը՝ «Արփի-Ամասիա» դաշինքին, 3-ը՝ ՀՀԿ-ին։
Խաչատրյանը վստահեցրեց, որ ըստ օրենքի՝ 9 մանդատով հնարավոր է լիարժեք իրականացնել Ամասիայի կառավարումը, նոր ընտրություններ չեն լինի։
Ջեմմա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստ է համագործակցելոու բոլոր ուժերի հետ՝ ե՛ւ ընտրություններին մասնակցած, ե՛ւ չմասնակցած՝ հօգուտ Ամասիայի։ Իսկ թե ինչու ՔՊ-ն ինքնաբացարկ ներկայացրեց եւ հրաժարվեց իրենց հետ համագործակցելուց, տիկին Հարությունյանը պատասխանը չգիտի, ասաց՝ իրենց որոշումն է։
ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանն ասում է՝ բոլոր 31 թեկնածուներն էլ ինքնաբացարկ են հայտնել, որ ավագանու երկու երրորդը չձեւավորվի, եւ նոր ընտրություններ լինեն։ «Մանդատները չպետք է տային, մենք զբաղվում ենք այդ հարցով, որ տեսնեք, թե որ օրենքով են մանդատ բաժանել»,- ասում է Ղարիբյանն ու վստահեցնում, որ հարցն այսպես չի մնա։
Նախկին թե ներկա, 71 թե 37․․․ Կանցկացվե՞ն նոր ընտրություններ Ամասիայում, թե այնուամենայնիվ համայնքը կղեկավարի 71-ամյան նախկին ղեկավարը, դեռ անհայտ է։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։