«Քոփփեռ» ՍՊԸ-ն մտադիր է Ավան վարչական շրջանի արդյունաբերական տարածքում ձուլարան հիմնել: Այդ նպատակով դեկտեմբերի 22-ին՝ 11:00-ին, Ավան վարչական շրջանի շենքում (Երեւան, Խուդյակովի փողոց, 222) ձուլման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) նախնական գնահատման հայտի վերաբերյալ տեղի կունենան հանրային քննարկումներ, ըստ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ 1-ին հանրային քննարկումը:
Տեղեկացնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին տեղի էին ունեցել «Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ձուլման տեղամասի աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումների 4-րդ փուլը: Ընկերությունը ցանկանում էր Ավանում՝ Աճառյանի 2 փակուղի հասցեում, ձուլարան կառուցել: Նույն հասցեում ընկերությունը երկաթ, պղինձ, ալյումին, մետաղյա այլ ջարդոններ է ընդունում:
Սակայն հանրային լսումների ժամանակ պարզ էր դարձել, որ տարածքի բնակիչները նախաձեռնության մասին տեղեկացված չեն եղել: Նրանք ոչ միայն մերժել էին ձուլարանի կառուցումը, այլեւ պահանջել էին չեղյալ համարել մինչ այդ կայացած լսումները: Հաշվի առնելով բնակիչների ու հասարակական կազմակերպությունների արձագանքը՝ սեպտեմբերի 24-ին Երեւանի քաղաքապետարանը նախատեսվող գործունեության վերաբերյալ բացասական կարծիք էր ներկայացրել: Այդուհետ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության ու փորձաքննության» ՊՈԱԿ-ը բացասական եզրակացություն էր տվել՝ հիմնավորելով, որ սանիտարական պաշտպանիչ գոտու հեռավորությունը բնակելի հատվածից պահպանված չէ, արտանետումների ցրման տվյալները ներկայացված չեն եւ այլ հանգամանքներ:
Նախագծով նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից պղնձի, ալյումինի ու դրանց համաձուլվածքների ձուլակոճղեր ու ձուլածոներ ստանալ: Շրջակա միջավայրի նախարարի հաստատած վտանգավոր թափոնների ցանկի համաձայն՝ չտեսակավորված պղնձի ջարդոնը պատկանում է վտանգավորության 3-րդ դասին: Ենթադրվում է, որ նախատեսվող գործունեության հետևանքով մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ, որոնք որոշակի վնաս կհասցնեն շրջակա միջավայրին:
Փաստորեն «Քոփփեռ» ՍՊԸ-ն վերանայել է ՇՄԱԳ փաստաթուղթն ու որոշել կրկին փորձել:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։