Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան գրառմամբ ողջունել է տասը հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք։
«Ջերմորեն ողջունում ենք Բաքվի կողմից հայ 10 կալանավորների ազատ արձակումը, որի որոշումն ընդունվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդյունքում»,–շեշտել է նա։
Հայ զինծառայողների՝ հայրենիք վերադարձը ողջունել է նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Շառլ Միշելը կատարվածը կարեւոր մարդասիրական ժեստ է համարել, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես նաեւ Բրյուսելի քննարկման արդյունավետ պտուղները։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել էր, որ հումանիտար հարցերի լուծումը կարեւոր նշանակություն ունի: Երկու կողմերի հումանիտար ժեստերը, ըստ նրա, նպաստում են վստահության ամրապնդմանը եւ օգնում ստեղծելու պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը:
Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունը եւս հաղորդագրություն է տարածել: «Հիմք ընդունելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր Բաքվից Երեւան է բերել 10 հայ զինծառայողների։ Այս կարեւոր մարդասիրական գործողությունը ԵՄ-ի ջանքերի շարունակությունն է աշխատելու երկու երկրների հետ՝ խթանելու փոխադարձ վստահությունը»,- նշված է հաղորդագրությունում։