«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հայտնել է ադրբեջանցի զինծառայողների գերեվարման մասին։
«Ադրբեջանցի զինծառայողներին գերեվարած մեր ստորաբաժանման հրամանատարի մասին կգրեմ, սակայն այս պահին ցանկանում եմ նշել, որ մեր բանակի լավագույն ու պրոֆեսիոնալ գնդապետներից է, մեր բանակի ապագա գեներալներից մեկը»,- ֆեյսբուքյան գրառմամբ նշել է Նորիկյանը։
Մամուլում երեկ տեղեկություն էր տարածվել Ջերմուկի շրջանում երկու ադրբեջանցի զինվորների գերեվարման մասին, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։ Այնուհետեւ նշվեց, որ նրանք տեղափոխվել են Երեւան։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը: Ադրբեջանական կողմը նույնպես չի արձագանքել։
«Սպուտնիկ Արմենիան» նշել է, որ համացանցում հայտնվել են ադրբեջանցի գերիների լուսանկարները, որոնք, ըստ հայկական Telegram ալիքների, գերվել են Ջերմուկի շրջանում՝ Ծղուկ գյուղի մոտ։ Հրապարակված լուսանկարներում ադրբեջանական համազգեստով երկու տղամարդիկ են։ Նրանց դեմքին կան դիմակներ, իսկ ձեռքերը կապված են։