Ամերիկյան բժշկական ասոցիացիայի JAMA Network Open հանդեսում Պեկինի համալսարանի գիտնականները հրապարակել են հոդված, որում ամփոփել են SARS-CoV-2-ով առանց ախտանշանների հիվանդացածների մասին տեղեկություններ:
Ամփոփագիրը հիմնված է 95 հետազոտությունների արդյունքների վրա: Հետազոտության ընթացքում ավելի քան 29 միլիոն մարդու տվյալներ են ուսումնասիրվել:
Պարզվել է, որ ՔՈՎԻԴ-19 ախտորոշմամբ մարդկանց շրջանում մոտ 40% անախտանշան հիվանդ կա։ Այսինքն՝ կորոնավիրուսով վարակվածներից հինգից երկուսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Չթեստավորված բնակչության շրջանում անախտանշան վարակակիրների ընդհանուր մասնաբաժինը կազմել է 0,25%-ը: ՔՈՎԻԴ-19-ը հաստատվածների շրջանում անախտանշան հիվանդների թիվը կազմել է 40,5%։
Թաքնված վարակակիրների տոկոսն իրականում ավելի բարձր է
Հետազոտության հեղինակները արձանագրել են, որ այդ հիվանդները իբրեւ կանոն բուժօգնության չեն դիմում եւ ջերմությունը չափելու միջոցով չեն հայտնաբերվում։ Նման վարակակիրներին հիմնականում հայտնաբերել են կա՛մ ռիսկային խմբերում զանգվածային թեստավորման ժամանակ, կա՛մ հիվանդացածների շրջապատում շփումների հսկողության ընթացքում: Այսինքն՝ ամենայն հավանականությամբ առանց ախտանշանների վարակակիրների տոկոսն իրականում շատ ավելի բարձր է:
Գիտնականներն ահազանգում են, որ առանց ախտանշանների վարակվածների բարձր տոկոսը վկայում է հասարակության մեջ վարակի փոխանցման հնարավոր մեծ վտանգի մասին։ Առանց ախտանշանների վարակի սքրինինգն անհրաժեշտ է հատկապես այն երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ արդեն հաջողությամբ վերահսկողության տակ են վերցրել SARS-CoV-2-ի տարածումը։
Անհրաժեշտ է զանգվածային պարբերաբար թեստավորում
Վերին շնչուղիների վիրուսային վարակվածությունն առանց ախտանշանների հիվանդների մոտ, հետազոտողների համոզմամբ, վարակվելու առաջին օրերին համեմատելի է ախտանշաններով հիվանդների նույն ցուցանիշների հետ: Գիտնականներն այն համոզմունքն են հայտնել, որ կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար անհրաժեշտ է զանգվածային թեստավորում իրականացնել: Ավելին, նրանց կարծիքով, առանց ախտանշանների հիվանդները ախտանշաններով հիվանդների պես պետք է պահպանեն սահմանափակող բոլոր կանոնները։