ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին հայտնել է, որ ռուսական կողմին շտապ անհրաժեշտ է ԱՄՆ-ի պատասխանը` անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին:
«Կարծում եմ, որ նրանք կփորձեն այս ամենը տեղափոխել դանդաղ ընթացող գործընթաց, իսկ մեզ դա շտապ է պետք, քանի որ իրավիճակը շատ ծանր է, սուր է, հետագա բարդացման միտում ունի»,- ասել է փոխարտգործնախարարը: Ըստ Ռյաբկովի՝ ռուսական կողմը չի կարող սպասել եւ պատրաստ է անմիջապես սկսելու բանակցությունները։
Ռուսաստանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 17-ին հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պայմանագրի նախագծերը: Նախագծի կետերից մեկով առաջարկվում է, որ ՆԱՏՕ-ն երաշխիքներ տրամադրի դաշինքի` Ուկրաինայի տարածք չմտնելու համար։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հանդիպման ժամանակ Ռուսաստանը պաշտոնապես ԱՄՆ-ին է փոխանցել երկու փաստաթուղթ` պայմանագիր եւ համաձայնագիր: Առաջարկվող փաստաթղթերը ներառում են անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի գաղափարները, որոնք բխում են սեփական անվտանգությանը սպառնացող մտահոգություններից։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու նմանօրինակ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Վիեննայում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է սերտորեն բանակցել ամերիկացիների հետ: Ըստ նրա՝ ուզեն նրանք դա, թե ոչ, երկխոսությունը սկսել եւ ռուսական կողմի հստակ առաջարկները քննարկելն անխուսափելի անհրաժեշտություն են:
Գավրիլովն ընդգծել է, որ բանակցությունները ձգձգելու դեպքում կարող են արվել ռազմատեխնիկական եւ ռազմական քայլեր կամ ՆԱՏՕ-ի երկրների՝ ՌԴ անվտանգության նկատմամբ սպառնալիքների համար նոր միջոցներ ձեռնարկվել: