Ըստ «CNN-Turk»-ի՝ Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ հնարավոր է՝ Ադրբեջանը մասնակցի կործանիչների արտադրության թուրքական նախագծին:
«Ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության համար մեր դռները բաց են մեզ հետ համագործակցել ցանկացող երկրների համար։ Առաջարկում ենք միավորել բոլորիս ջանքերը»,- ասել է Դեմիրը: Նա ընդգծել է, որ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում մասնավորապես Ադրբեջանի եւ Պակիստանի հետ։
Թուրք պաշտոնյան շեշտել է, որ Անկարան աջակցում է այն երկրներին, որոնք ավիացիայի եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձգտում են օգտագործելու թուրքական փորձը, գիտելիքներն ու հմտությունները։
Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է զարգացնել իր առաջարկներին համաձայնած երկրների ունակություններն ու կարողությունները, եւ կարծում են, որ այդ քայլերը դրական արդյունքներ կտան։