Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ Մալայզիայի իր պաշտոնակից Սայֆուդդին Աբդուլայի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:
Չավուշօղլուն նշել է, որ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները մոտ ժամանակներս կհանդիպեն։
«Հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար մենք հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել։ Մոտ ժամանակներս նրանք բանակցություններ կանցկացնեն»,- ասել է թուրք պաշտոնյան։ Նա առաջիկա հանդիպման մասին մանրամասներ չի հայտնել։
Մեկնաբանելով Հայաստանի հետ երկխոսությունը՝ Չավուշօղլուն ասել է, որ մի շարք ավիաընկերություններ առաջիկա օրերին թռիչքներ կիրականացնեն Ստամբուլի եւ Երեւանի միջեւ։
«Նախկինում, գիտեք, նման թռիչքներ իրականացնում էր «Ատլասը»։ Թռիչքների վերսկսման հարցը քննարկվում է տրանսպորտի նախարարությունում, եւ մոտ օրերս որոշում կընդունվի»,- ասել է Չավուշօղլուն։